ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. ՀՀ վճռաբեկ դատարանն ուշացումով հաստատեց «Ռ. Քոչարյանը և մյուսները» գործով խափանման միջոց կալանքի վերաբերյալ ՀՀ դատախազության դիրքորոշումների հիմնավորվածությունը։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը
ՀՀ գլխավոր դատախազն իր բողոքով ՀՀ վճռաբեկ դատարանից հայցել էր Ռ. Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց գրավ կիրառելու մասով բեկանել ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը, և նոր դատական ակտով նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը:
«Իր որոշման մեջ ՀՀ վճռաբեկ դատարանը գրեթե ամբողջությամբ ընդունել է ՀՀ դատախազության հիմնավորումները, համաձայնել վերջինիս դիրքորոշումների հետ առ այն, որ քննության տվյալ փուլում միայն խափանման միջոց կալանավորումը կարող էր ապահովել ամբաստանյալ Ռ. Քոչարյանի պատշաճ վարքագիծը»,- տեղեկացնում է Աբրահամյանը։
Վճռաբեկ դատարանն անընդունելի է համարել Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշումը, որ «ժամանակի ընթացքում ամբաստանյալ Ռ. Քոչարյանի կողմից հնարավոր ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու ռիսկերը նվազել են այնքան, որ հնարավոր չէ այլևս կալանավորումը որպես խափանման միջոց դիտարկել»։
«Այս իմաստով հատկանշական է ՀՀ դատախազության կողմից մշտապես արտահայտված դիրքորոշումից բխող՝ ՀՀ վճռաբեկ դատարանի այն դիտարկումը, որ Քոչարյանին մեղսագրվել են իր ծառայողական գործունեության ոլորտում ենթադրաբար կատարված հանցավոր արարքներ, գործի հետ առնչություն ունեցող անձինք ամբաստանյալից գտնվել են ծառայողական կախվածության և ենթակայության հարաբերությունների մեջ, իսկ նրանց մի մասն էլ անցնում են գործով որպես ամբաստանյալի հանցակիցներ: Հետևաբար, ըստ Վճռաբեկ դատարանի, Ռ. Քոչարյանի՝ երկար տարիներ զբաղեցրած պաշտոնը, ունեցած դիրքն ու հեղինակությունը, հսկայական ազդեցությունը, կապերն ու լծակները, ինչպես նաև նրան մեղսագրվող հանցագործությունների բնույթը վկայում էին դատավարության տվյալ փուլում գործի քննությանը միջամտելու, դատավարության մասնակիցների նկատմամբ հնարավոր անօրինական ազդեցություն դրսևորելու ռիսկի շարունակական առկայության մասին»,- նշված է գրառման մեջ։
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտել է, որ տվյալ փաստական հանգամանքների պայմաններում գրավը չէր կարող լինել ազատության մեջ գտնվելու դեպքում ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականությունը զսպելու արդյունավետ միջոց:
Չնայած այս ամենին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշմամբ մերժել է ՀՀ գլխավոր դատախազի բողոքը։ Աբրահամյանը նշում է՝ մերժման պատճառաբանությունն այն է եղել, որ նախքան գործով որոշում կայացնելը, ՀՀ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման հիման վրա Ռ. Քոչարյանին մեղսագրվող հանցավոր արարքներից մեկով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով առավել ծանր հանցագործության դրվագով, որի շրջանակներում են արվել նրա նկատմամբ խափանման միջոց կալանքի անայլընտրանքայնության վերաբերյալ հիմնական եզրահանգումները, քրեական հետապնդումը դադարեցվել է:
Աբրահամյանը նաև հավելում է՝ այս ամենի կողքին Վճռաբեկ դատարանն այս որոշմամբ նաև մերժել է Ռ. Քոչարյանի պաշտպանի կողմից ներկայացված բողոքն իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու կամ կիրառված գրավի գումարի չափը նվազեցնելու մասով: