Պատկերացնում եմ՝ ինչպես եմ Հադրութ մտնում, գերեզման վազում․ արցախցիների կյանքը կռվից հետո

Պատերազմից հետո հայրենազրկված հադրութցիները բազմաթիվ խնդիրների առաջ են հայտնվել՝ սոցիալական, իրավական, հոգեբանական։ Նոր միջավայրում ինտեգրումն էլ հեշտ չի ստացվում։
Sputnik
Գրող, սցենարիստ Արփի Վանյանը ծնունդով Հադրութից է, սակայն արդեն երկար տարիներ Երևանում է ապրում։ Ասում է` տարին տարի չէր լինի, եթե ընտանիքի հետ գոնե երկու անգամ հարազատ Հադրութ չգնային...
«Թաքուն մտածում եմ` նորից Հադրութի մեր տանն ենք ապրելու». արցախցի երեխաների երազանքները
Արցախյան 44–օրյա պատերազմից հետո Արփին հիմնադրել է «Հադրութի դեօկուպացիա» ՀԿ-ն, որը զբաղվում է բռնի տեղահանված հադրութցիների սոցիալական, իրավական, նաև Հադրութի մշակութային ժառանգության հարցերով։
Իսկ խնդիրները շատ են ու բազմապիսի։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աջակցությամբ բռնի տեղահանված 25 ընտանիքի տրամադրել են ժամանակավոր կացարաններ։
Իսկ ներկայում, Արփիի խոսքով, սոցիալական խնդիրը բավականին սուր է հատկապես տղամարդկանց դեպքում։ Կանայք և երեխաները պետությունից 68 հազար դրամի չափով աջակցություն են ստանում, իսկ տղամարդիկ՝ ոչ։
«Անհասկանալի տրամաբանություն է։ Տղամարդիկ մի քանի անգամ դիմել են և՛ ՀՀ ղեկավարությանը, և՛ Արցախի, ամեն անգամ ասել են՝ այո՛, ճիշտ եք, կվերանայենք այդ հարցը, բայց մինչև այսօր չեն վերանայել։ Ստացվում է, որ տղամարդիկ (պատերազմ անցած կամ չանցած) այսօր գրպանում մի կոպեկ փող չունեն` աշխատանք են փնտրում, գտնել չեն կարողանում»,- շեշտում է Արփին։
Ըստ էության՝ անգամ պատերազմի դժոխքով անցած տղամարդիկ, որոնք չեն վիրավորվել և հաշմանդամության կարգ չունեն, որևէ աջակցություն չեն ստանում։
Հոր ձայնը լսվել է. 70 օր անց գտնված Նիկոլայը ծնողներից թաքուն էր ՀՀ քաղաքացիություն ստացել
Արփին ընդգծում է՝ աշխատանք գտնելու համար տղամարդիկ տարբեր դռներ են թակում։ Նրանց խոստանում են՝ «կզանգենք», բայց զանգ այդպես էլ չի ստացվում։
«Հադրութի դեօկուպացիա» ՀԿ-ն հայթայթած ֆինանսական միջոցների հաշվին կարողանում է ժամանակ առ ժամանակ աջակցության ծրագրեր իրականացնել։ Դրանցից մեկն, օրինակ, «Նախշուն Հադրութ» ծրագիրն է։
«Կանանց տվել ենք թելեր և շյուղեր, պլեդներ են գործում, հետո մենք իրենցից գնում ենք այդ պլեդները, փորձում վաճառել՝ այդպիսով օգնելով կանանց գումար վաստակելու հարցում»,–պատմում է Արփին։
Այսօր հադրութցիների առջև ծառացած ամենամեծ խնդիրներից մեկն էլ իրավական աջակցություն ու խորհրդատվություն ստանալն է։ Մարդիկ Հադրութում թողել են իրենց տունն ու ունեցվածքը. անհրաժեշտ է գույքագրել ամբողջը, ներկայացնել միջազգային կառույցներին։ ՀԿ–ն ունի մեծ ծրագիր՝ հավերժացնելու հադրութցիների պատմությունները։
Պապին, Ծիտը, Գևորգը... մոռանալ չի կարելի. կապիտանը պատմում է հերոսների ու չհերոսների մասին
«15 թվի եղեռնից հետո չկային տեխնիկական հնարավորություններ՝ արձանագրելու ցեղասպանությունը վերապրածների պատմությունները։ Հիմա այդ մարդիկ այլևս ողջ չեն, շատ պատմություններ կորսված են։ Բայց այսօր տեխնոլոգիաները թույլ են տալիս վավերագրել այս ամենը։ Ուզում ենք հադրութցիների պատմությունը՝ իրենց հետ բերած լուսանկարներով, նյութերով ներկայացնել»,- ասում է Արփին` նշելով, որ ներկայում այս ծավալուն ծրագրի իրականացման համար են ֆինանսավորում փնտրում։
Վերքերը բուժելուց բացի, տղաները հաղթում են պատերազմի ուրվականին
Ի թիվս առկա մի շարք խնդիրների՝ Արփին ընդգծում է նաև ինտեգրման խնդիրը։ Միշտ չէ, որ դա հարթ է ստացվում, հատկապես, երբ մարդիկ տարբեր բարբառներով են խոսում։ Այս ամենի կողքին Արփին կարևորում է իրենց՝ Հադրութի բարբառի պահպանումը, պարբերաբար հադրութցիների հանդիպումների կազմակերպումը, որ հավաքվեն ու հարազատ բարբառով զրույցի բռնվեն։
Իսկ բոլոր ծրագրերի հիմքում, անշուշտ, Հադրութ վերադառնալու երազանքն է։ Արփին նշում է՝ առանց այդ հավատի ամեն բան անիմաստ է դառնում, կյանքի գույներն են կորչում։
«Ես մի վայրկյան անգամ չեմ կասկածում, որ վերադառնալու եմ։ Ես անընդհատ պատկերացնում եմ՝ ինչպես եմ մտնում Հադրութ, ինչպես եմ նկարում, ինչպես եմ վազում գերեզմաններ, չխենթանալու համար՝ մամայիս հետ երկնքում եմ խոսում, ասում եմ՝ գիտեմ, որ դու վերևում ես, ոչ թե այնտեղ...»։
Արցախցի կանայք սկսում են զրոյից․ երբ պետությունը լուռ է, անհատն է գործի անցնում
Ծաղկուն քաղաքը թշնամին քարուքանդ արեց, google maps-ի օգնությամբ տեսել են՝ հարազատ փողոցներն ու տներն այրված են։ Ցավը մեծ է, բայց հույսն ու հավատն ավելի մեծ են։ Հենց դրանք են օգնում հաղթահարել առկա բազմաթիվ խնդիրները, ուժ տալիս պայքարել հայրենի տուն վերադառնալու համար։