«Հայաստան» դաշինքը ծափահարեց Սյունիքի կալանավորված համայնքապետների անունը կարդալիս

«Հայաստան» դաշինքի պատգամավորները միայն ոտքի կանգնեցին և ծափահարեցին, երբ կարդացին կալանավորված Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի և Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի անունները։
Sputnik
Ազգային ժողովի նորընտիր 107 պատգամավորները երդվեցին` ստանձնելով պատգամավորական մանդատները։ ԱԺ նիստը վարող տարիքով ամենամեծ պատգամավորը` Կնյազ Հասանովը, հերթով հայտարարեց պատգամավորների անունները։ Նշենք, որ պատգամավորները ծափերով էին ողջունում գործընկերներին։
Ինչո՞ւ է կալանավորվել Մեղրիի նախկին համայնքապետը. ՔԿ–ն հաղորդագրություն է տարածել
«Հայաստան» դաշինքի պատգամավորները, որոնք ԱԺ են եկել Սյունիքի՝ կալանավորված համայնքի ղեկավարների լուսանկարներով շապիկներով, միայն ոտքի կանգնեցին և ծափահարեցին, երբ կարդացին կալանավորված Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի և Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի անունները։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Սեյրան Օհանյանը հայտնեց, որ խմբակցությունը պահանջում է իրենց 2 գործընկերների անխոչընդոտ ներկայությունն ԱԺ–ում։
Ի պատասխան Հասանովն ասաց, որ «Հայաստան» դաշինքի 2 պատգամավորների` նիստին ներկա չլինելն իր իրավասության ներքո չէ, այլ իրավապահներն են զբաղվում այդ հարցերով։
Այսօր ընթանում է ԱԺ 8–րդ գումարման անդրանիկ նիստը։
Նշենք, որ կալանավորված են Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը։
Հիշեցնենք` հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։