«Ձեռնպահ մնալ խեղաթյուրման փորձերից». դատախազությունը պատասխանել է «Հայաստան» դաշինքին

Դատախազությունը պարզաբանում է տարածել` անդրադառնալով «Հայաստան» դաշինքի երկու պատգամավորների կալանքի վերաբերյալ ԱԺ–ում հնչող կարծիքներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Դատախազությունը «Հայաստան» դաշինքին հորդորում է ձեռնպահ մնալ ՀՀ սահմանադրության համապատասխան իրավակարգավորումների, ինչպես նաև քրեական դատավարության ընթացակարգերի իմաստային խեղաթյուրման փորձերից: Նման հայտարարություն է տարածել դատախազությունը` անդրադառնալով ԱԺ 8-րդ գումարման նստաշրջանի ժամանակ ընթացող իրադարձություններին։
Ազգային ժողովի նախագահի 3 թեկնածություն առաջադրվեց. ովքե՞ր են նրանք
Նշենք, որ «Հայաստան» դաշինքի 2 պատգամավորները` Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանն այժմ կալանավորված են և ներկա չեն նիստին։ Դաշինքի պատգամավորներն ԱԺ նիստի ժամանակ պահանջում էին, որ դատախազը ներկայանա ԱԺ և լուծի իրենց պատգամավորներին կալանքից ազատելու խնդիրը։ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանն էլ հայտնել էր, որ 5 օր առաջ այս հարցով նամակ է հղել դատախազին և մինչ օրս պատասխան չի ստացել։
«ԱԺ առաջին նիստի ընթացքում անհիմն և ակնհայտ քաղաքական շարժառիթներով շահարկվում է Արթուր Սարգսյանի և Մխիթար Զաքարյանի նկատմամբ տարբեր քրգործերով հարուցված քրեական հետապնդման և նախնական կալանքի տակ գտնվելու իրավաչափությունը, նրանց՝ որպես պատգամավորի անձեռնմխելիությունը իբրև թե հաղթահարված չլինելու պատճառաբանությամբ»,–նշված է դատախազության պարզաբանման մեջ։
Անդրադառնալով Վարդևանյանի նամակին` դատախազությունը նշում է, որ Վարդևանյանի գրությունը ստացել են հուլիսի 27-ին, որի պատասխանը ելքագրվել է հուլիսի 29-ին, իսկ հուլիսի 30-ին հանձնվել է «Հայփոստին» առաքումն իրականացնելու նպատակով: Այսինքն՝ սահմանված ժամկետները պահպանվել են:
Դատախազությունը հրապարակել է նաև նամակի պատասխանը` տեղեկացնելով, որ Մխիթարյանն ու Սարգսյանը, հանդիսանալով ԱԺ պատգամավորության թեկնածու, ազատությունից զրկվել են «ՀՀ ընտրական օրենսգրքի» 90-րդ հոդվածով սահմանված երաշխիքի պահպանմամբ, այն է՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Իսկ Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելուց հետո, ըստ դատախազության, նույն հարցով նաև ազգային ժողովի համաձայնությունը ստանալու պահանջ նախատեսված չէ։
«Մեր պատգամավորները պատանդ են». ԱԺ նիստը սկսվեց լարված մթնոլորտում