Երևանյան հնագույն քարայրը. ինչպես Հրազդանի ձորը դարձնել զբոսաշրջության կենտրոն

Հրազդանի ձորում գտնվող երևանյան հնագույն քարայրերից մեկը կարող է դառնալ ոչ միայն երկրի բնակիչների, այլև ամբողջ աշխարհից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների ամենասիրված հանգստավայրը։ Համապատասխան նախագիծը մասնագետներն արդեն ներկայացրել են քաղաքապետարանին։
Sputnik

Իսակովի պողոտայից մինչև Երևանյան քարայր ընկած ճանապարհն անցնում է Երևանյան լճի ափով։ Քարայրը գտնվում է Երևանի կենտրոնում, բայց դրա մասին մայրաքաղաքի բնակիչներից շատերը չգիտեն։ Ճանապարհը աղբակույտի է վերածվել, պատվել ծառերով ու թփուտներով։ Հուշարձանին հասնել հնարավոր չէ առանց ուղեկցորդի։ Այդ հարցում մեզ օգնեց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը։

Իջնում ենք լճի մոտ, շուրջբոլորը աղբակույտ է։ Թշվառության ու լքվածության զգացողություն է առաջանում։ Եվ այդպես մոտ 500 մետր, մինչև հասնում ենք քարայր։

Երբ երևում է հուշարձանը, միանգամից մի բան է մտքիդ գալիս. «Ասես կինո լինի»։

«Սա է հենց այն Երևան-1 բացառիկ քարայրը, որը գտնվում է Հրազդանի ձորում` լճի ափին։ Այն բազմաթիվ հուշարձաններից մեկը, որը հայտնաբերվել է պեղումների ժամանակ», – բացատրում է Բադալյանը։

Երևանյան հնագույն քարայրը. ինչպես Հրազդանի ձորը դարձնել զբոսաշրջության կենտրոն

Նրա խոսքով` մերձակայքում էլի քարայրեր կան, բայց այս մեկը բացառիկ է այնտեղ հայտնաբերված գտածոների թվով։

Բադալյանն այն սակավաթիվ մարդկանցից է, որոնք անտարբեր չեն հուշարձանի ճակատագրի նկատմամբ։ Նա իր թիմի հետ նախագիծ է մշակել քարայրի վերարժևորման, հանրահռչակման և նրա շուրջը ենթակառուցվածքներ ստեղծելու վերաբերյալ։ Առաջարկների փաթեթի համառոտ տարբերակն արդեն ներկայացվել է Երևանի քաղաքապետարան։

Զբոսաշրջային «պրոդուկտ»

70-ականներին Հրազդանի ձորում պեղումներ անցկացվեցին, որոնց արդյունքում էլ բացահայտվեց այս քարայրը։ Այնտեղ քարե դարի հնագույն մշակույթի հարուստ հավաքածու հայտնաբերվեց` կայծքարից, բազալտից և հասպիսից տարբեր գույների ու երանգների տարատեսակ գործիքներ։

Բադալյանի խոսքով` քարայրը թույլ է տալիս պատկերացում կազմել այս տեղանքի նախապատմական շրջանի մասին։ Հուշարձանը 70 հազար տարվա պատմություն ունի, այնպես որ շատ բան կարող է պատմել։

«Բոլորս խոսում ենք զբոսաշրջության, երկրի հանրահռչակման մասին, սակայն մոռանում նմանօրինակ բնական կառույցների մասին», – ասաց Բադալյանը։

Նա առաջարկում է քարայրին կարգավիճակ տալ, ներառել Էրեբունի արգելոց-թանգարանի կազմում և զբոսաշրջային «պրոդուկտ» մշակել, որը կպատմի այն վայրի նախապատմական ժամանակաշրջանի մասին, որտեղ այսօր գտնվում է Երևանը:

Երևանյան հնագույն քարայրը. ինչպես Հրազդանի ձորը դարձնել զբոսաշրջության կենտրոն

Նախևառաջ պետք է հնագիտական պեղումներ անցկացնել, որոնք թույլ կտան թարմացնել գիտելիքներն ու պատկերացումներն այս քարայրի մասին։ Այնուհետև անհրաժեշտ է մաքրել տարածքը, ցանկապատ կառուցել և ապահովել հուշարձանի պաշտպանությունը։

Լճում ապրող Պողոս-Պետրոսը․ ինչպես Ապարանում եկեղեցին ջրի տակ հայտնվեց

Հենվելով թարմացված տվյալների վրա` քարայրը կարելի է զբոսաշրջային այցելությունների վայր դարձնել։ Բադալյանը կարծում է, որ այցելուներին կարելի է VR–ակնոցներ առաջարկել, որոնց շնորհիվ նրանք կհայտնվեն նախապատմական իրականությունում։ Այնուհետև զբոսաշրջիկները Երևանյան լճով կարող են նավակներով հասնել մեկ այլ վայր, որը կպատմի Երևանի ավելի ուշ ժամանակաշրջանի` Շենգավիթ բնակավայրի մասին, հետո կծանոթանան Էրեբունուն ու Կարմիր բլրին։

Ուղղափառության մեռնող վկան Լոռիում, կամ ինչի մասին է լռում Հրաշագործի եկեղեցին

Բադալյանը նշեց, որ սա կարող է այլընտրանքային զբոսաշրջային երթուղի դառնալ, և օտարերկրացիները կկարողանան ծանոթանալ ինչպես ժամանակակից Երևանի, այնպես էլ այս վայրերում գտնվող հնագույն բնակավայրերի մշակույթին։

Ինչով է բացառիկ Երևանյան քարայրը

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, հնագետ Բորիս Գասպարյանը հայկական լեռնաշխարհը համարում է աշխարհագրական ու մշակութային ինքնատիպ տարածաշրջան, որտեղ տեղի է ունեցել մարդու, քաղաքակրթության կայացման և ձևավորման գործընթացը, բնականաբար` սեփական օրենքներով։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ դա շատ նման է աշխարհի տարբեր մասերում, օրինակ` նույն Միջագետքում տեղի ունեցած գործընթացներին։

Նրա խոսքով` պատահական չէր, որ հայկական լեռնաշխարհն արդեն այն ժամանակ էր գրավել նախնադարյան մարդուն։

«Դրա վրա ազդել են բնական պայմանները, քարե հումքի պաշարները, ջրերը, կենսաապահովման գործոնները», – ասաց Գասպարյանը։

Երևանյան հնագույն քարայրը. ինչպես Հրազդանի ձորը դարձնել զբոսաշրջության կենտրոն

Ըստ նրա` սրանով էլ հետաքրքիր է Սևանից մինչև Արաքս գետ ձգվող Հրազդանի ձորը, որի երկարությունը 35 կմ է։ Ձորի առանձնահատկությունն այն է, որ թույլ է տալիս պատկերացում կազմել քաղաքակրթության էվոլյուցիայի մասին. այստեղ ոչ միայն պալեոլիթի, այլև բրոնզե դարի ու ուրարտական շրջանի քարայրեր և հուշարձաններ են հայտնաբերվել։

Երևանյան հնագույն քարայրը. ինչպես Հրազդանի ձորը դարձնել զբոսաշրջության կենտրոն

Ինչ վերաբերում է Երևանի քարայրին, ապա այնտեղ ոչ միայն աշխատանքային գործիքներ, այլև արտադրական աղբ են հայտնաբերել։ Գասպարյանի խոսքով` դա շատ կարևոր է, քանի որ թույլ է տալիս ավելի լավ հասկանալ այդ ժամանակների արդյունաբերությունը` ինչպես էր մտածում մարդը, հումքը մասնատելիս ինչպես էր ստանում այդ առարկաները։

Գասպարյանն էլ է համոզված, որ այսօր պետք է քարայրի տարածքում վերսկսել պեղումները, քանի որ այն լիարժեք ուսումնասիրված չէ։ Հնագետի խոսքով` հուշարձանը դեռ շատ զարմանալի բաներ է թաքցնում, որոնք թույլ կտան բազմաթիվ հարցերի պատասխաններ ստանալ։

Քարայրում հայտնաբերված ավելի քան 20 հազար գտածոներն այսօր Երևանի պատմության թանգարանում են։ Ցուցասրահում 45 ցուցանմուշ կա, ինչպես նաև բուն քարայրի մակետը։

Հայաստանի հարավի զբոսաշրջային գանձերը. հատուկ հետաքրքրասերների համար