Թեհրանը պատրաստ է հաշտեցնել Երևանին ու Բաքվին

Իրանական կողմը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգություններով, ինչպես նաև զինծառայողների վիրավորվելու ու զոհվելու դեպքերով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Իրանը պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին կայուն խաղաղության հաստատելու հարցում։ ԻԻՀ պետական լրատվական IRNA գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն։

Ադրբեջանական կրակոցներից վիրավորված զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ՔԿ

Նա ափսոսանք է հայտնել երեք հայ զինծառայողների վիրավորվելու, ադրբեջանցի զինվորականի մահվան և փոխհրաձգությունների վերաբերյալ:

Խատիբզադեն կողմերին զսպվածության կոչ է արել` հայտարարելով երկու երկրների միջև սահմանային վեճերի խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին: Այդ համատեքստում Խատիբզադեն հայտարարել է, որ Իրանը պատրաստ է աջակցել երկու երկրների հաշտեցմանը։

Հիշեցնենք` հուլիսի 23-ին Ադրբեջանի զինված ուժերը կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով ինտենսիվ փոխհրաձգության ժամանակ հրազենային վնասվածքներ էին ստացել ՀՀ ԶՈւ 3 զինծառայողներ։

Նույն օրը` ժամը 23:00-ի սահմանում, Երասխի տարածքում Ադրբեջանը ԱԹՍ–ով ՀՀ տարածք մուտք գործելու փորձ է արել։ Ըստ ՀՀ ՊՆ–ի` ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի հարավարևմտյան ուղղությամբ ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը: