Ծերացող Քարաբերդի տեղը գտել են սփյուռաքահայերը

Քարաբերդում երիտասարդներ չկան, քանի որ մանկապարտեզ և դպրոց գյուղը չունի։ Չնայած գյուղը երիզում է խիտ կանաչը, սակայն այստեղ ոռոգման ջուր էլ չկա։ Տեղի բնակիչները հույս ունեն, որ իրենց զավակները մի օր վերադառնալու են գյուղ։
Sputnik

Լոռու մարզի Քարաբերդ գյուղում միայն տարեցներն են ապրում. տեղի բնակիչները հումորով են վերաբերվում իրավիճակին` ասելով, թե իրենց գյուղում երիտասարդների տարիքը 60 տարեկանից է սկսվում։

81 միլիոն եվրո ծախսից հետո ՀՀ 11 քաղաք և 37 գյուղ շուրջօրյա ջրամատակարարում կունենան

Քարաբերդն ամենաքիչ բնակեցված գյուղն է Հայաստանում` 60 անձ կա գյուղում։ Այստեղ երիտասարդություն չկա, քանի որ կրթական հաստատություն` մանկապարտեզ ու դպրոց չկա։

«Ում երեխան մեծանում է, գնում են ընտանիքով տնից, որպեսզի մանկապարտեզ գնան, դպրոց հաճախեն։ Կամաց-կամաց ծերանոց դարձավ մեր գյուղը»,–ասում է գյուղապետը` Յուրա Շավելյանը։

Քարաբերդում ապրուստի հիմնական միջոցն անասնապահությունն ու մեղվաբուծությունն է։ Գյուղում ոռոգման ջուր չկա, որպեսզի «վարեն-ցանեն»։ Սակայն այնպես չէ, որ գյուղում դրական ոչինչ չկա. Քարաբերդում 17-րդ դարի եկեղեցի է եղել, որը, սակայն, այժմ կիսաքանդ վիճակում է. եկեղեցու ներսում 4-րդ դարի խաչքար կա։

Բացի այդ, Քարաբերդն ասես դրախտում տեղակայված լինի` չորս կողմը սարեր և անտառներ են։ Տեղի հրաշալի բնությունն էլ տեսել ու անտարբեր չեն մնացել սփյուռքահայերը, որոնք հյուրատուն են կառուցում գյուղում` Քարաբերդին երկրորդ շունչ տալով։

Տեղի բնակիչները հույս ունեն, որ իրենց` խոպան կամ Վանաձոր գնացած զավակները մի օր վերադառնալու են գյուղ։

Կարևոր է բուժել Արցախի վերքերը. Խրամորթ գյուղի դպրոցը կվերանորոգվի սփյուռքի միջոցներով