Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը 2 ամսով կալանավորվել է. փաստաբան

Քաջարանի քաղաքապետը մեղադրվում է խարդախության, կաշառք տալու և ընտրողի ազատ կամարտահայտությանը խոչընդոտելու մեջ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի - Sputnik. Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի ղեկավար Մանվել Փարամազյանը կալանավորվել է երկու ամսով: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց քաղաքապետի փաստաբան Լուսինե Սահակյանը։

Ե՛վ ես, և՛ ընկերներս անօրինական որևէ քայլ չենք արել. Մեղրիի համայնքապետը հրաժարական է տվել

«Դատարանը նրա ձերբակալությունը իրավաչափ չի համարել, սակայն խափանման միջոց է ընտրել երկու ամսով կալանքը», - ասաց նա:

Նշենք, որ Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով (խարդախությունը), 311-րդ հոդվածի 4-րդ մասով (կաշառք ստանալը) և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը)։

Ավելի վաղ փաստաբանը հայտնել էր, որ առաջադրված մեղադրանքները Մանվել Փարամազյանը չի ընդունում, գտնում է, որ այս ամենն իր նկատմամբ ձեռնարկված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է:

Հիշեցնենք` ԱԱԾ աշխատակիցները երեկ խուզարկություն էին իրականացրել Քաջարանի համայնքապետի բնակարանում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, ձերբակալել կոմբինատի աշխատակիցներից մեկին։

Քաջարանի համայնքապետին բերման էին ենթարկել, հուլիսի 7-ին բերման էր ենթարկվել, ապա ազատ արձակվել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, իսկ Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը կաշառք տալու մեղադրանքով հուլիսի 9–ին կալանավորվեց։

Հուլիսի 9–ին hայտնի դարձավ նաև, որ Որոտան համայնքի վարչական ղեկավար Սուրեն Օհանջանյանին նույնպես ձերբակալել են։