Շվեյցարական «Henley & Partners» ընկերությունը, որը մասնագիտացել է բնակության վայրի պլանավորման հարցերում, Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի հետ համագործակցելով, պատրաստել ու հրապարակել է աշխարհի անձնագրերի հերթական ցուցիչը: 2006-ից կազմվող այս յուրահատուկ վարկանիշը դասակարգում է աշխարհի ճանաչված պետությունները՝ հաշվի առնելով, թե ինչպես է նրանց անձնագիրն ընդունվում այլ երկրներում։ Հիմնական չափանիշն այն է, թե քանի երկիր կարելի է այցելել ազգային անձնագրով՝ առանց մուտքի վիզայի կամ վիզա ստանալու պարզեցված կարգով: Հայաստանն այդ ինդեքսում առաջին հայացքից տարօրինակ դինամիկա է ցուցադրել։
Հայաստանը 199 երկրի ցուցակում զբաղեցրել է 84-րդ տեղը՝ Սիերա Լեոնեի ու Մոզամբիկի կողքին և նկատելիորեն զիջել է նույնիսկ այնպիսի երկրների, ինչպիսիք են Ուգանդան, Գամբիան ու Պապուա Նոր Գվինեան: Հայկական անձնագրով առանց վիզայի կամ վիզայի ձևակերպման հեշտացված ռեժիմով կարելի է 64 երկիր այցելել: Հատկանշական է, որ այն պետությունների թիվը, որտեղ պատրաստ են Հայաստանի քաղաքացիներին ընդունել առանց ավելորդ ձևականությունների, վերջին տարիներին անընդհատ աճում է։ Նախորդ տարվա համեմատ դինամիկան նույնպես դրական է եղել։ Այն պետությունների թիվը, ուր կարելի է այցելել առանց վիզայի, 8 տարվա ընթացքում ավելացել է 8-ով։ Այսինքն՝ աճը տարեկան մեկ պետություն։ Նման դինամիկայի դեպքում հայկական անձնագիրն ամբողջ աշխարհում «կանցնի» միայն 135 տարի հետո։
Առաջին հայացքից պարադոքսն այն է, որ չնայած դրական դինամիկային՝ Հայաստանի տեղը իջնում է ցուցակում։ Պատճառն այն է, որ այլ երկրներն ավելի հաջողությամբ են դիվանագիտական ջանքեր գործադրում իրենց անձնագրերը «առաջ մղելու» ուղղությամբ։ Վերջին երեք տարիներին Հայաստանը զիջել է իր դիրքերը ցուցակում։ 2017-ին 78-րդ տեղում էր, 2018-ին ՝ 80-րդ, 2019-ին՝ 81-րդ: Այժմ մենք արդեն իններորդ տասնյակի մեջտեղում ենք:
Միգրանտները ՌԴ–ում էլեկտրոնային պարտադիր քարտ կունենան. ի՞նչ է հայտնի դրա մասին
Հիմա համեմատենք հարևանների հետ։ Ազգային անձնագրի նկատմամբ վստահության մակարդակով մենք զիջում ենք տարածաշրջանի բոլոր երկրներին։ Բացառությամբ, իհարկե, Իրանի, որը հետ մնացողների թվում է։ Պետք է խոստովանել, որ ցուցակում հարևանների տեղերը վերջին տարիներին նույնպես վատացել են։ Այժմ Վրաստանը 54-րդ տեղում է (վրացիները կարող են առանց վիզայի 116 երկիր այցելել), Ադրբեջանը՝ 76-րդ (67 երկիր), Թուրքիան՝ 56-րդ (111): Ադրբեջանը մեզնից առաջ է անցնում առաջին հերթին մահմեդական աշխարհի երկրների «բարեհաճության» շնորհիվ։ Իսլամական համագործակցության կազմակերպության գրեթե բոլոր անդամները բացել են իրենց դռները ադրբեջանական անձնագիր ունեցողների համար։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի քաղաքացիների համար գրեթե ամբողջությամբ փակ են Եվրոպան ու Ամերիկան։ Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այդ երկրի առավելությունը շենգենյան գոտու երկրների հետ առանձնահատուկ հարաբերություններն են, որոնց հետ առանց մուտքի վիզայի ռեժիմ ունի 2017-ից։ Նույնը կարելի է ասել նաև Ուկրաինայի մասին, որի քաղաքացիներն անարգել 137 երկիրն են այցելում (37-րդ տեղը ցուցակում)։
Անձնագրերի ցուցիչը չափում է քանակը, ոչ թե որակը: Միաժամանակ Հայաստանի քաղաքացիների մուտքը խիստ սահմանափակող երկրների թվում են այն պետությունները, որոնք «ամենապահանջվածն» են զբոսաշրջիկների, գործարարների ու աշխատանքային միգրանտների կողմից: Իսկ հայկական անձնագրեր ունեցողների համար բաց են հիմնականում Ասիան, Աֆրիկան և Օվկիանիայի կղզիները։ Այդ երկրներից շատերը նույնիսկ դժվար է գտնել աշխարհի քաղաքական քարտեզի վրա, իսկ որոշների գոյության մասին շատերը գուցե նույնիսկ գաղափար չունեն։ Եվրոպայում (եթե չհաշվենք ԱՊՀ երկրները) Հայաստանի քաղաքացիների համար բաց են միայն Սերբիան, Չեռնոգորիան և Ալբանիան։ Ամերիկայում՝ միայն Բրազիլիան, Արգենտինան, Ուրուգվայն ու Էկվադորը։
«Կապիտալը փախչում է երկրից». Ավետիսյանը` ներդրումների և կարանտինի երկարաձգման մասին
Չափազանց շատ չարդարացված սպասումներ էինք կապել Եվրամիության երկրների հետ վիզայի ռեժիմի ազատականացման հեռանկարի հետ։ 2012-ի դեկտեմբերին Բրյուսելում ստորագրվեց Հայաստանի և ԵՄ-ի միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը։ Հայտարարվեց, որ փաստաթուղթը թույլ կտա մի փոքր դյուրացնել մուտքը Եվրամիության երկրներ որոշակի կատեգորիաների քաղաքացիների համար՝ պաշտոնական պատվիրակությունների անդամներ, գիտնականներ, ուսանողներ, լրագրողներ, արվեստի ու սպորտի գործիչներ: Բայց գործնականում գրեթե ոչ ոք տարբերությունը չտեսավ։ 2017-ին ստորագրված «Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը» նույնպես ազատ վիզային ռեժիմի ներդրման հնարավորություն է ենթադրում։ Բայց համավարակի պայմաններում ու պատերազմի ավարտից հետո պայմանագրի իրագործումը շատ պասիվ է իրականացվում։ ԵՄ փորձագետների գնահատման առաքելությունը, որոնք պետք է ներկայացնեին ուղևորությունների կարգի ազատականացման «ճանապարհային քարտեզը», այդպես էլ չկայացավ։
Ապրիլին անցագրային ռեժիմի դյուրացման համատեղ կոմիտեի թվով վեցերորդ նիստը նույնպես էական արդյունքներ չտվեց։ Մինչդեռ չորս տարի առաջ ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը հավաստիացնում էր, որ արդեն 2020 թվականին մենք Շենգենյան համաձայնագրի երկրների հետ ազատ վիզային ռեժիմ կունենանք։ Չստացվեց։ Եվ հազիվ թե մոտ ապագայում ստացվի։ Ակնհայտ է, որ Բրյուսելում դա առանձնապես չեն ուզում։
Արժե խոսել նաև այն մասին, թե Հայաստանն ինքը որքանով է հասանելի օտարերկրյա հյուրերի համար։ ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ 45 երկրների քաղաքացիներ միակողմանի կարգով ազատվել են մուտքի արտոնագիր ստանալու անհրաժեշտությունից: 63 պետությունների քաղաքացիները կարող են Հայաստան այցելել առանց մուտքի վիզայի, փոխադարձության սկզբունքի հիման վրա, գործող արտասահմանյան անձնագրերի առկայության դեպքում։ Բայց կան երկրներ, որոնց քաղաքացիներին արտասահմանյան անձնագրեր պետք չեն Հայաստան գալու համար։ Այսպես, 2017-ի փետրվարից ռուսաստանցիները կարող է ազատ գալ Հայաստան՝ սովորական ներքին անձնագիր ունենալով իրենց հետ։
Հատկանշական է, որ Ադրբեջանը նույնպես այն երկրների ցանկում էր, որոնց քաղաքացիները կարող են փոխադարձության սկզբունքի հիման վրա, առանց վիզայի այցելել Հայաստան։ Համենայնդեպս, երբ դեկտեմբերին ԱԳՆ-ն վերջին անգամ թարմացնում էր այդ ցուցակը, Ադրբեջանն այնտեղ պատվավոր երրորդ տեղում էր (ըստ այբբենական կարգի)։ Հարևան երկիրը հայտնվել էր այդ ցուցակում միայն այն պատճառով, որ ԱՊՀ անդամ է ու 1992-ի հոկտեմբերին Բիշքեկում նախկին խորհրդային հանրապետությունների հետ ստորագրել է առանց վիզայի ազատ տեղաշարժի մասին համաձայնագիրը: Պարզ է, որ Ադրբեջանի քաղաքացիների դեպքում այդ համաձայնագրի իրավական նորմերը գործնականում չեն գործում։ Բայց Երևանում հարգում են ձևականությունները։ Իսկ ահա Ադրբեջանի ԱԳՆ-ն իրեն ավելորդ նրբազգացություն թույլ չի տալիս։ Բաքվում պաշտոնապես հայտարարել են, որ Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, որի քաղաքացիների համար իրենց պետությունն ամբողջությամբ փակ է։ Ու թքած համաձայնագրերի վրա։
Ալիևն Ադրբեջանը բաժանել է տնտեսական շրջանների․ «հաշվել» է նաև Ստեփանակերտը