Վանեվանի ու Տորֆավանի ամբողջ անասնագլխաքանակը նորից պատվաստվել է. մարզպետ

Օրեր առաջ Գեղարքունիքի մարզի Վանևան և Տորֆավան համայնքների 3 բնակչի մոտ սիբիրյան խոց էր ախտորոշվել։ Նախնական վարկածով` վարակը տարածվել էր հիվանդ անասունի մսից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. Վանեվան ու Տորֆավան համայնքներում գրանցված սիբիրյան խոցի դեպքերից հետո մարզում նոր դեպքեր այլևս չեն գրանցվել։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Տվյալ համայնքների անասունների ամբողջ գլխաքանակը նորից պատվաստեցին, ու այս պահին կարծես թե վիճակը կայունացավ։ Նոր զարգացումներ չունենք»,– ասաց նա։

Հիշեցնենք` օրեր առաջ Գեղարքունիքի մարզի Վանևան և Տորֆավան համայնքների 3 բնակչի մոտ սիբիրյան խոց էր ախտորոշվել։

Անասունին մորթել և վաճառել են գյուղում` չկասկածելով, որ սիբիրյան խոց է. մանրամասներ

Նախնական վարկածով` վարակը տարածվել էր հիվանդ անասունի մսից։

Անկած անասունին բնակիչները մորթել ու վաճառել էին գյուղում` չկասկածելով, որ սիբիրյան խոց է, այդ իսկ պատճառով տուժածների մեջ եղել են ինչպես մորթը կատարած, այնպես էլ միսը գնած գյուղացիներ:

Բացի այդ, Շիրակի մարզի Իսահակյան համայնքում էլ 5 բնակչի մոտ էր հայտնաբերվել սիբիրյան խոց։

Երբ բացահայտվել էր, որ գյուղի անասնաբույժը կեղծ փաստաթղթեր է ձևակերպել սիբիրյան խոցի պատվաստումների, իբր, իրականացված լինելու մասին, նա` 1950 թվականին ծնված տղամարդը, իրենց անասնագոմի առաստաղի երկաթյա ձողից հակի թելով կախվելու միջոցով ինքնասպանություն էր գործել։