ՌԱԴԻՈ

Ո՞վ ավելի կանհանգստանա, եթե Թուրքիայի ազդեցությունը մեծանա. Ղևոնդյանը` 3+3 ձևաչափի մասին

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է տարածաշրջանային 3+3 ձևաչափ ստեղծելու հեռանկարին։
Sputnik
Ո՞վ ավելի կանհանգստանա, եթե Թուրքիայի ազդեցությունը մեծանա. Ղևոնդյանը` 3+3 ձևաչափի մասին

Թուրքիան հասկանում է` որքան խաղացողները շատ լինեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, այնքան բարդ կլինի խնդիրների լուծման գործընթացը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։

Նա նշեց, որ թուրքական կողմի ջանքերով 3+3 ձևաչափի գաղափարը դաշտ է մտցվել դեռ 2000–ական թվականներին, և աշխարհաքաղաքական իմաստով դրա բովանդակության հիմքում այն թեզն է, որ ռեգիոնալ խնդիրների լուծումը պետք է տեղի ունենա տարածաշրջանի երկրների ու տերությունների ներգրավմամբ, և տարածաշրջանից դուրս գտնվող պետություններն ու շրջանակները չպետք է ներգրավվեն խնդիրների լուծման գործընթացում։

Թուրքիան կվերցնի իրեն պատկանողը. Էրդողանը` Ադրբեջանում, Սիրիայում իրենց ներկայության մասին

«Խոսքն իհարկե մեծ բևեռների մասին է, որոնք են ԵՄ–ն, ԱՄՆ–ն և միգուցե Չինաստանը։ Թուրքիան հասկանում է` որքան խաղացողները շատ լինեն, այնքան խնդիրների լուծման գործընթացը բարդ կլինի, և միշտ չէ, որ կարող է ստացվել այնպես, ինչպես ինքն է ցանկանում»,– նշեց քաղաքագետը։

Ղևոնդյանի գնահատմամբ` այժմ Թուրքիայի համար բացվել է մի պատուհան, քանզի ԵԱՀԿ Մինսկի խումբը ցույց տվեց, որ խնդիրների լուծման քաղաքական օրակարգի մասով արդյունավետություն չունի, մյուս կողմից Հայաստանի արկածախնդիր քաղաքականության հետևանքով Ադրբեջանն ունեցավ շատ շահեկան վիճակ, և մենք տեսանք, թե 44-օրյա պատերազմի հետևանքով ինչ տեղի ունեցավ։

Անդրադառնալով ձևաչափի պոտենցիալ կողմ հանդիսացող երկրներին` Ղևոնդյանը նշեց, որ մասնավորապես Իրանը տվյալ ձևաչափում մանևրելու մեծ դաշտ չունի և որքան էլ զուսպ ու հավասարակշռված է եղել, սակայն այժմ պետք է ակտիվանալու դրսևորումներ ցուցաբերի, որպեսզի գործընթացներից դուրս չմնա։ Իրանը չի բացառում վերոհիշյալ ձևաչափի ներքո շփումների հնարավորությունը, քանզի դրանում ներգրավվածություն չեն ունենա ԱՄՆ–ն ու ԵՄ–ն, այսինքն` խնդիրների լուծումը կախված կլինի ռեգիոնալ երկրների դիվանագիտական ջանքերից։

«Բայց պետք է հասկանալ, թե ինչպիսին կլինի հատկապես Թուրքիայի մասնակցության ու ազդեցության աստիճանը։ Որքան մեծ լինի այն, այդքան էլ մեծ կլինի Իրանի անհանգստությունը, թեև դեռ վաղ է խոսել այդ մասին»,– ասաց քաղաքագետը։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Ղևոնդյանն ընդգծեց, որ ՌԴ–ի համար 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում որոշակի կայունություն հաստատելու նոյեմբերի 9-ի հայտարարության ինստիտուցիոնալ դրսևորում կարող է դիտարկվել, բայց պետք է հիշել, որ որքան էլ թուրք–ռուսական հարաբերություններն արցախյան պատերազմից հետո որոշակի կոնսենսուսի եկան, այդուհանդերձ դրանք մեծ հաշվով խիստ մրցակցային են։

Տեր–Պետրոսյանից Փաշինյան. Թուրքիայի պլանի ֆոնին ՀՀ–ում աճում է ռուսական ռազմակայանի դերը

Քաղաքագետը թերահավատորեն է մոտենում այն հարցին, որ հնարավոր կլինի բանակցային, գործակցային մթնոլորտ և արդյունավետություն ապահովել։ Ըստ նրա` կարող են լինել իրավիճակային լուծումների շուրջ դիրքորոշումների մոտեցումներ, սակայն գլոբալ մրցակցային դաշտում վերջնական հանգուցալուծումը չի կարող իրականություն դառնալ, քանի որ 44-օրյա պատերազմից հետո ՌԴ–ի և Թուրքիայի միջև ձևավորվել է ընդամենը դրվագային կոնսենսուս, ինչը կարող շատ կարճ տևել։

Հիշեցնենք`Թուրքիայի իշխանությունները ծրագրում են ընդլայնել ղարաբաղյան հակամարտության կարգավորումը՝ ձևավորելով «3+3» ձևաչափ` Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան, Իրան, Վրաստան և Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն առանձին ընդգծել է, որ Հարավային Կովկասում բավարար չէ միայն հարաբերությունների կարգավորման ցանկություն ունենալը։ Ըստ նրա՝ անհրաժեշտ է ձեռնարկել գործուն քայլեր, որոնք համագործակցության ընդլայնման միջոցով, հնարավորություն կտան հասնել հրադադարի մշտական ապահովմանը։