ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik.ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրգործով այսօր նախատեսված նիստը հետաձգվեց։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող նիստի ժամանակ գործով դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ դատարանին պարզ չէ` գործով ամբաստանյալ Քոչարյանն ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունի՞, թե՞ ոչ։
Նշենք, որ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը դատարանին ներկայացրեց ԿԸՀ որոշումը «Հայաստան» դաշինքին պատգամավորական 29 մանդատ տալու մասին։
«ԿԸՀ–ի մանդատներ բաշխելու որոշումից հետո երկրորդ երկուշաբթին ԱԺ նիստ պետք է գումարվի, որի ժամանակ էլ պետք է պատգամավորի իրավասությունը հաստատվի։ Քոչարյանի կարգավիճակի հարցի պատասխանը կարող է տրվել հուլիսի 26-ից հետո, հաշվի առնելով, որ կարող է նաև ՍԴ բողոքարկեն»,–ասաց Վարդևանյանը։
Ռոբերտ Քոչարյանը կհրաժարվի իր մանդատից. քաղաքագետ
Գործով դատախազ Գևորգ Բաղդասարյանը, սակայն, առարկեց` ասելով, որ պարզ չէ` ինչ են քննարկում, ինչի համար դատարանը ստացավ այդ փաստաթղթերը Քոչարյանի պաշտպանից։ Նրա խոսքով` դատարանը քրեական հետապնդում իրականացնող մարմին չէ, ուստի դատարանը չէ, որ պետք է որոշի` Քոչարյանի դեմ քրեական հետապանդում կարո՞ղ է իրականացնել, թե ոչ։
«Չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է գնալ ԱԺ ու խնդրել, որ համաձայնություն տան այս գործով ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, եթե ԱԺ–ն միայն քրգործ հարուցելու մասին կարող է համաձայնություն տալ»,–ասաց Բաղդասարյանը։
Դատավորը, սակայն, նշեց` իր համար դեռ պարզ չէ, թե Քոչարյանն ինչ կարգավիճակ ունի։ Դանիբեկյանն ասաց, որ ամեն դեպքում դատարանը պետք է դիմի ԱԺ` քրեական հետապնդում սկսելու համար, սակայն մինչ այդ դատարանը պետք է պարզի` տվյալ անձը կրո՞ւմ է պատգամավորի կարգավիճակ։
Քոչարյանի և Գևորգյանի կարգավիճակը պարզելու համար էլ դատական նիստը հետաձգվեց։ Այն տեղի օգոստոսի 3-ին, ժամը 13-ին։
Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի կարգավիճակի հարցը հայտնի չէ. դատական նիստն ընդմիջվեց