Բնապահպաններին հաջողվել է փրկել անազատության մեջ պահվող հերթական արջին։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) հայտնում է, որ արջը տարիներ շարունակ սարսափելի պայմաններում պահվում էր Արմավիրում գտնվող ամառանոցներից մեկում` փոքր վանդակում։
Այժմ կենդանին տեղափոխվել է հատուկ կառուցված վայրի կենդանիների փրկարար կենտրոն, որտեղ կենդանիները պահվում են մարդկանցից կտրված վայրում, մեծ ազատավանդակներում և մասնագիտական խնամքի ներքո, ստանում են լիարժեք սնունդ և վերականգնում են տարիներ շարունակ վանդակում գտնվելու հետևանքով գրեթե կորցրած բնազդները։
Հրազդանում հետաքրքրասեր կովին տարհանել են վերամբարձ կռունկի միջոցով. տեսանյութ
Կազմակերպությունը նաև լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացված են նախկին անմարդկային պայմաններն ու վայրի կենդանու ներկայիս ազատ կյանքը։
Նշենք, որ արջերի փրկության ծրագրի շրջանակում Հայաստանում արդեն փրկվել են 35 արջեր։ Այժմ ՀՀ տարբեր մասնավոր տարածքներում շարունակում են բանտարկված մնալ ևս շուրջ 2 տասնյակ արջեր, որոնք սպասում են փրկության իրենց հերթին։