Ի՞նչ կարող է անել նոր ԱԺ–ն. հայրենասիրության ցուցադրում, թե արդյունավետ աշխատանք

Եկեք անկեղծ լինենք։ Ծանր է ընդդիմության կողմնակիցների կյանքը ընտրական շրջանում։ Սկզբում՝ զարմանք. վերջին տարում կատարվածից հետո ինչպե՞ս կարող էր կրկին հաղթել իշխանական ուժը։ Հետո՝ անհիմն հույսեր. բայց ընդդիմադիրները չեն վերցնի մանդատները, և ամեն ինչ միանգամից կփլուզվի։
Sputnik
Ի՞նչ կարող է անել նոր ԱԺ–ն. հայրենասիրության ցուցադրում, թե արդյունավետ աշխատանք

Հիմա ավելի ու ավելի հաճախ է հնչում նոր մխիթարանքը՝ այս խորհրդարանը կաշխատի, բայց երկար չի աշխատի։ Ի՞նչ։ Երկար չի՞ աշխատի։ Ախր հենց ընդդիմությունն է երկարացրել իշխանականների պատգամավորական կյանքը։ 2,5 տարի էր մնացել հին խորհրդարանին, բայց լավ էլ համաձայնեցիք արտահերթի ու լրացուցիչ 5 տարի էլ պարգևեցիք նրանց, ովքեր երկու տարուց ավելի արդեն Ազգային ժողովում նստած էին։ Ես լինեի նրանց փոխարեն` Երևանի լավագույն ռեստորաններից մեկում մի ճոխ շնորհակալական քեֆ կկազմակերպեի ընդդիմադիրների պատվին։

Ոչ մի նորություն. 25 տարի շարունակ սպասում ենք Սահմանադրական դատարանի արդար որոշմանը

Բայց, ինչպես ասում են, անցած լինի։ Հիմա արդեն ժամանակն է մտածելու, թե ինչ կարող է անել նոր խորհրդարանը։ Սկսենք իշխանական թևից, որն առաջվա պես մնալու է պառլամենտական մոնոպոլիստ։ Ընտրողների գլխավոր պահանջը հայտնի է՝ կազմավորե՛ք վերջապես իսկապես բանիմաց, որակյալ կառավարություն, որը հիմնված չլինի անվերապահ հավատարմության սկզբունքի վրա։ Էդ սկզբունքը մեզ քաջ ծանոթ է, հիշենք թեկուզ հայտնի արտահայտությունը. «Թող պոլի փեդ լինի, միայն թե մեր կուսակցությունից լինի»։ Իհարկե, հեղինակային իրավունքը պատկանում է Ամերիկայի նախագահներից մեկին, որը դեռ անցած դարի 30-ական թվականներին, բնութագրելով լատինաամերիկյան ոչ անհայտ բռնապետին, ասել էր. «Միգուցե այդ մարդը իրո՞ք սրիկա է, բայց ախր մե՛ր սրիկան է»։

Աննախադեպ խորհրդարան, եթե… ​, կամ քարոզարշավի վերջին օրն ամենաշատը հնչող բառը

Գիտեմ` հիմա իշխանության բարձրաստիճան պաշտոնյաններն իհարկե կառարկեն. իսկ ի՞նչ է, մեր նախորդ կառավարությունը որակյա՞լ չէր։ Դե, եթե միանգամայն նորմալ եք համարում, որ իմ գործընկերոջը՝ հայաստանցի լրագրողներից մեկին, նախարարը ծեծում է սրճարանում, երևի ամեն ինչ կարգին է, մանավանդ որ այդ մարդուն, որին քաղաքակիրթ երկրներում դրանից հետո մի 50 կիլոմետր մոտ չէին թողնի քաղաքականությանը, դուք շատ հանգիստ ընդգրկել եք ձեր ընտրացուցակի առաջին քսանյակում։ Եվ ամենևին չեմ զարմանա, եթե մի քանի օրից նա կրկին նախարար դառնա։ Եթե նորմալ եք համարում, երբ հրաժարական է տալիս ոչ միայն արտգործնախարարը, այլև նրա բոլոր տեղակալները, մինչև հիմա էլ անտեր թողնելով մեր երկրի արտաքին քաղաքականությունը, ուրեմն էլի ամեն ինչ կարգին է։ Եթե նորմալ եք համարում, որ պաշտպանական կարևորագույն օղակը՝ գլխավոր շտաբը, իր հայտարարությունում ինչ ասես ասում է վարչապետին, այն էլ բառիս բուն իմաստով պատերազմող երկրում, երևի թե կրկին ամեն ինչ կարգին է։ Շարունակե՞մ։ Ճիշտ եք, ավելի լավ է անցնենք խորհրդարանական նոր ընդդիմությանը։

«Իսկական» «գելափներն» էլ են սխալվում. ինչու հայերը չեն վստահում սոցիոլոգիական հարցումներին

Ընդդիմությունն ամենատարբեր ձևերով կարող է ընդդիմանալ իշխանություններին։ Դուք միգուցե տեղյակ էլ չեք, իսկ ես հրաշալի հիշում եմ, որ անկախության արշալույսին ընդդիմադիրները նույնիսկ իրենց զուգահեռ պառլամենտն էին ստեղծել պառլամենտում և առանձին նիստեր էին անցկացնում։ Ծիծաղելի էր։ Կա նաև վրացական տարբերակը, որը մեր ընդդիմությունը կարող է ընդօրինակել նույնիսկ մանդատները ստանալուց հետո՝ պարզապես բոյկոտելով խորհրդարանի աշխատանքը։ Հիմա հարցնում ես արևմտյան փորձագետներին՝ հետո՞ ինչ, որ Վրաստանի ընդդիմությունը անցած տարվա հոկտեմբերից ի վեր խորհրդարան չէր գալիս։ Ասում են՝ դե, Վրաստանի պառլամենտը դրա պատճառով լիարժեք չէր աշխատում։ Ի՞նչ է նշանակում՝ «լիարժեք չէր աշխատում». աշխատո՞ւմ էր, թե՞ չէր աշխատում։ Եթե աշխատում էր, կներե՛ք, քանի՞ կոպեկ արժեր ընդդիմության բոյկոտը։

Վրացի ընդդիմադիրների կեցվածքը, կամ ինչպես ԲՀԿ–ն ու ԼՀԿ–ն ընկան իրենց իսկ փորած փոսը

Եվ ուրեմն լավագույն տարբերակն ամբողջ աշխարհում այն է, որ առնվազն շատ սկզբունքային հարցերում ընդդիմությունը, ամենևին չհրաժարվելով որդեգրած սկզբունքներից, այնուամենայնիվ համագործակցում է իշխանությունների հետ այնտեղ, որտեղ դա հնարավոր է։ Օրինակ` եթե բոլորը համակարծիք են, որ այսպես կոչված՝ նախկինների ընդունած Սահմանադրությունը ամենևին կատարյալ չէ, կարելի է միասնաբար մշակել և հանրաքվեի դնել դրա նոր տարբերակը, մանավանդ որ նրանք, ովքեր երեք տարի առաջ հեղափոխություն արեցին, այն ժամանակ անընդհատ կրկնում էին՝ ամեն առիթով հանրաքվեներ ենք անցկացնելու ժողովրդի կամքն իմանալու համար։ Դուք հիշո՞ւմ եք գոնե մեկ համապետական հանրաքվե վերջին երեք տարվա ընթացքում։ Ես չեմ հիշում։

Ու վերջում շարքային ընտրողից մի խորհուրդ կամ պարզապես խնդրանք՝ ուղղված թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր պատգամավորներին։ Վաղուց գիտենք, թե որքան են խորհրդարանականները սիրում բարձր ամբիոնից պարբերաբար խոսել իրենց անսահման հայրենասիրության և հայրենիքին նվիրվածության մասին։ Եթե չեք կարողանում ձեզ զսպել, ոչինչ, էլի՛ խոսեք։ Բայց գոնե այդքան հաճախ մի՛ խոսեք։

Ամենաարտառոց ընտրությունները. հավաքներին դագաղով մասնակցող թեկնածուն հաղթեց, իսկ մուրճո՞վը