Քաղաքական ուժերի՝ մանդատներից հրաժարվելու տարբերակ օրենքը չի նախատեսում. Մուկուչյան

Ի՞նչ կլինի, եթե ընդդիմությունը հրաժարվի մանդատներից, և արդյոք «Քաղաքացիական պայմանագիրը» միայնակ կարո՞ղ է գնալ խորհրդարան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik․ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում քաղաքական ուժերին հասանելիք մանդատների հաշվարկը տեղի կունենա մեկ շաբաթից՝ ընտրությունների վերջնական ամփոփումից հետո: ՀՀ Ընտրական օրենսգիրքը դրա համար 7-օրյա ժամկետ է նախատեսում: Այս մասին այսօր ԿԸՀ-ում կայացած ճեպազրույցի ընթացքում լրագրողներին հայտնեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Փաշինյանը հայտնել է, թե ՔՊ-ն քանի մանդատ կստանա

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ինչ կլինի, եթե խորհրդարան անցած քաղաքական ուժերը հրաժարվեն իրենց հատկացված մանդատներից:

«Այս փուլում մանդատներից հրաժարվելու ինստիտուտ մենք չունենք: Թեկնածուներն իրենց մանդատներից հրաժարվում են ինքնաբացարկ ներկայացնելու միջոցով»,- ասաց Մուկուչյանը՝ հավելելով, որ այլ տարբերակ Ընտրական օրենսգիրքը չի նախատեսում:

Հարցին՝ եթե ընդդիմությունը մանդատներից հրաժարվի, «Քաղաքացիական պայմանագիրը» միայնակ կարո՞ղ է գնալ խորհրդարան, Տիգրան Մուկուչյանը չցանկացավ պատասխանել՝ հորդորելով սպասել ևս մեկ շաբաթ, մինչև մանդատների բաշխման մասին որոշումը կայացնելը:

«Մանդատները բաշխվում են բացառապես այն ուժերի միջև, որոնք ԸՕ-ի սահմանած կարգով պետք է ստանան այդ մանդատները; Նրանց փոխարեն այլ ուժի այդ մանդատները փոխանցվել չեն կարող»,- ասաց նա:

Իսկ եթե ընդդիմադիրները հրաժարվեն իրենց մանդատներից, ապա ԱԺ-ում, ըստ նրա, կմնան այն ուժերը, որոնք չեն հրաժարվի: Այս տարբերակն ու օրենքում դրա բացակայությունը, Մուկուչյանի խոսքով, ԿԸՀ-ում չեն ուսումնասիրվել, ուստի հանձնաժողովի նախագահը դժվարացավ նաև հայտնել՝ այդ դեպքում ՀՀ-ում ստիպված կլինեն նոր ընտրություն անցկացնել, թե ոչ:

Նիկոլ Փաշինյանը քվեարկության արդյունքների ամփոփումից հետո գրառում է արել

Նշենք, որ ԿԸՀ–ն արդեն ամփոփել է բոլոր 2008 ընտրատեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687 251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 419 (3.95), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04), «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 674 (1.54), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)։

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժամը 08։00–20։00–ն Հայաստանում քվեարկություն անցկացվեց 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացուց ընտրությանը մասնակցեցին 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։

Ըստ օրենքի` եթե անցողիկ շեմը հաղթահարում են միայն երկու քաղաքական ուժ, ապա մանդատներ է ստանում նաև առավելագույն թվով ձայներ հավաքած երրորդ ուժը։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է