Վճռաբեկ դատարանում կստեղծվի առանձին վարչական պալատ. բյուջեի ծախսը կավելանա 34.9 մլն դրամով

Վճռաբեկ դատարանների կազմում առանձին վարչական պալատներ են գործում ՌԴ–ում, Վրաստանում, Լատվիայում, իսկ Գերմանիայում, Ավստրիայում, Շվեդիայի Թագավորությունում, Լիտվայում և մի շարք այլ երկրներում գործում են վարչական գործերով առանձին վճռաբեկ (գերագույն) դատարաններ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Վճռաբեկ դատարանում կստեղծվի առանձին վարչական պալատ։ ՀՀ Դատական օրենսգրքում համապատասխան փոփոխությունը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանը` նշելով, որ փոփոխությունը բխում է դատական բարեփոխումների ծրագրից։

«Մասնագիտացված դատարանների ստեղծումը բխում է հասարակական կյանքի առանձին ոլորտներում առաջացող հարաբերությունների կապակցությամբ պատշաճ արդարադատություն իրականացնելու պահանջից: Դատավորները մասնագիտանում են որոշակի կատեգորիայի գործերով արդարադատության իրականացման մեջ, և այս դեպքում դատական սխալի հավանականությունն ավելի փոքր է»,– ասաց փոխնախարարը։

Նա նաև հայտնեց, որ մասնագիտացված Վճռաբեկ ու Գերագույն դատարանների կարգն այսօր գործում է աշխարհի գրեթե բոլոր զարգացած ու զարգացող երկրներում։

Հեղափոխությունից հետո Դատախազության միջոցով պետական բյուջե ավելի շատ գումար է մուտքագրվել

Վճռաբեկ դատարանների կազմում առանձին վարչական պալատներ են գործում Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանի Հանրապետությունում, Լատվիայի Հանրապետությունում, իսկ Գերմանիայի Հանրապետությունում, Ավստրիայի Հանրապետությունում, Շվեդիայի Թագավորությունում, Լիտվայի Հանրապետությունում և մի շարք այլ երկրներում գործում են վարչական գործերով առանձին վճռաբեկ (գերագույն) դատարաններ:

«Օրենքն ԱԺ–ի կողմից ընդունվելուց հետո ստեղծվող նոր պալատի դատավորների համալրումը նախատեսում ենք իրականացնել 1-2 ամսվա ընթացքում»,– ասաց Գրիգորյանը։

Նախատեսվող ծախսը հաշվարկվել է տարեկան 34.9 մլն դրամ, որը կհատկացվի արդեն 2022թ–ի բյուջեով։

Հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու առումով պարզապես անիմաստ փողեր են ծախսվում. Կոստանյան