«Շերեմենտևո» օդանավակայան, Մոսկվա-Երևան չվերթ, ընթացիկ տարվա հունիս։ Ինքնաթիռը գերլցված է, ուղևորների գերակշռող մասը հայեր են։
Ստացվում է, որ խոսակցություններն այն մասին, թե Հայաստան չեն գալիս, այլ միայն գնում են Հայաստանից, հնարվա՞ծ են։ Անցնելով սահմանային անցակետը` քայլում եմ ուղեբեռի հանձնման հատվածի մոտով։ Այստեղ էլ զարմանալու բան կա․ կոնվեյերի ժապավենի վրա ճամպրուկներն ու ուղեպարկերը սովորականի պես շատ չեն, հատուկենտ են։ Նշանակում է՝ մարդիկ թեթև բեռով են եկել, ժամանակավոր, կարճ հանդիպման։ Մնում է մխիթարվել․ թեկուզ կարճ ժամանակով, բայց միևնույնն է՝ եկել են։ Ինչպես այս ընտանիքը, որի հետ զրույցի եմ բռնվում թռիչքի ընթացքում։ Մայրը, երկու երեխաները՝ որդին ու դուստրը, բոլորը` ներառյալ մայրը, քաղաքավարի են, երիտասարդ, գեղեցիկ։
-Հա՞յ եք,-մաքրամաքուր ռուսերենով հարցնում է կողքի բազկաթոռին նստած պատանին։
Երկար կյանքիս ընթացքում առաջին անգամ ազգային պատկանելությանս փաստը հաստատում եմ առանց սովորական թաքուն հպարտության։ Պատերազմում կրած պարտությունն ու բոլորիս գլուխներում ստեղծված խառնաշփոթն ինձ վրա էլ է անդրադարձել։
Որքան է նվազել Հայաստանի բնակչությունը անկախության տարիներին
Հարևաններս, ինչպես և ուղևորներից շատերը, մոսկվացիներ են (այդ կարգավիճակը թույլ է տալիս մայրաքաղաքում տասը տարի ապրելուց հետո օգտվել համայնքային զանազան արտոնություններից), որոնց մեծ մասը սահմանապահներին են ներկայացնում ռուսական անձնագրերը, թեև շատ-շատերը նաև հայկական անձնագրեր ունեն։
Համաձայնելով, որ ծիրանի սեզոնին ոչ մի կերպ չենք հասնում, անցնում ենք հավերժական «Որտե՞ղ է հայը լավ ապրում» հարցին, և երկու երեխաների մայր ու մաթեմատիկայի ուսուցչուհի Արփինեն ասում է․
-Հիմա ով գնացել է, հաստատ այլևս չի վերադառնա,-և մի պահ լռելուց հետո շարունակում է,-ըստ կորոնավիրուսի տրամաբանության՝ Երևանում հայտնվելուց հետո հայերը պետք է տանը մնային, ոչ թե նետվեին հետ՝ Ռուսաստան։ Բայց չէ, մեկնում են։
-Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ,-հարցնում եմ կնոջը։
-Այնտեղ են ամուսինները, երեխաները, կանայք, աշխատանքը։ Կենցաղն է կարգավորված․․․
-Բայց երեխաների, ամուսինների ու կանանց հետ կարելի է հայրենիքում վերամիավորվել։
-Իսկ աշխատա՞նքը։ Մեկնողերի մեծ մասը Հայաստանում աշխատանք չի գտնում։ Նիկոլ Փաշինյանի ասած թվերը լավ են հնչում, բայց գրեթե ոչ ոք լուրջ չի ընդունում։ Գիտե՞ք` եթե մի կարգին բան լիներ, մարդիկ տանը կմնային․ ոչ բոլորն են, չէ՞, Ռուսաստանում նավթային ընկերություններ ղեկավարում կամ նախագահի աշխատակազմում աշխատում։
-Բայց նաև ոչ բոլորն են հասկանում, որ «կորոնայից» հետո Ռուսաստանն արդեն այն չէ, ռուսաստանցիների համար էլ է այսօր դժվար,-պատասխանում եմ ես։
Վիճակագրական շեղում. աշխատանք ունեցող ռուսաստանցիների գրեթե մեկ երրորդը վախենում է կորցնել այն։ Կասկած չկա, որ «կամ-կամ» տարբերակի դեպքում ռուսաստանցի գործատուներն առաջին հերթին իրենց ազգակիցներին կընտրեն։
Այնուհետև՝ լավ տեղեկացված «Վեդոմոստի» թերթից, որը հայտնում է` միգրանտները երկու կատեգորիայի են բաժանվում․ նրանք, ովքեր Ռուսաստանում ապրում են երկար ժամանակ, այդպիսիք, «Ռոսստատի» և ՌԴ ՆԳՆ տվյաներով, 4,2 միլիոն են, և նրանք, ովքեր պարբերաբար գալիս են աշխատելու (6,6 միլիոն)։ Ուզբեկներ, տաջիկներ, ուկրաինացիներ։ Հայեր նրանց թվում առայժմ չկան։
Դեպի Երևան թռիչքի ժամանակ Արփինեն անկեղծանում է․
- Այսօր բոլորը երես են թեքել Հայաստանից։ Տեսեք` երկրում ըստ էության արտգործնախարարություն չկա, սահմաններին բռունցքներով են կռիվ տալիս, իսկ կառավարությունը նախընտրական քարոզարշավով է զբաղված։ Աստված մեզ լքել է,-տխուր ասում է նա։
-Իսկ գուցե մե՞նք ենք Աստծուց երես թեքել։
-Դա առանձնապես բան չի փոխում։ Գումարելիների տեղը փոխելիս գումարը չի փոխվում,-պատասխանում է մաթեմատիկայի ուսուցչուհին։
Հունվար–մայիսին Հայաստանից շուրջ 90 000 մարդ է հեռացել. քանի՞ տոկոսը չի վերադարձել
Վայրէջք ենք կատարում։ «Զվարթնոց»։ Անձնագրային վերահսկողության բաժնում հերթ է` ժամանած ուղևորներին ավելի մանրամասն ուսումնասիրելու լավ հնարավորություն։ Նման չեն ասֆալտ փռող, տներ կառուցող, բեռնատարների ղեկին նստող մարդկանց։ Աշխատող բանվորները հիմա ուղևորությունների ժամանակ չունեն, ապրուստի գումար վաստակելու ամենաթեժ սեզոնն է։
Վիճակագրական շեղում․ 2020թ․-ին միգրանտների միջին ամսական աշխատավարձը կազմել է 42 800 ռուբլի։ Աշխատում են օրական 10 ժամ, շաբաթը վեց օր։ Համարվում է, որ եթե միգրանտը գոնե 30 հազար ռուբլի չի վաստակում, ուրեմն արտերկրում մնալու իմաստ չկա, պնդում է ռուսական «Սոդրուժեստվո» ՀԿ-ի նախագահ Մ․ Մամաջանովը։
Ինչի՞ վրա է ծախսվում վաստակածը։ Ըստ «Ռոսստատի» և Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի փորձագետների եզրակացության՝ ավելի քան 5 հազար ռուբլի ծախսվում է պատենտ ստանալու համար, մինչև 5 հազար՝ ուտելիքի (ամենապարզ բաներն են ուտում), ավելի քան յոթ հազար կազմում է բնակարանի վարձը (սովորաբար աշխատակիցներով համատեղ են վարձակալում), և եթե չես կարող գոնե 150 դոլար տուն ուղարկել, էլ ինչո՞ւ ես եկել։
․․․Հայրենի քաղաքը դատարկվածի տպավորություն չի թողնում։ Այո, փողոցներում մարդիկ ավելի քիչ են, օտարալեզու խոսակցություններ էլ ավելի հազվադեպ են լսվում, բայց դա այդպես է, եթե համեմատենք նախապատերազմական ժամանակների հետ, երբ գրեթե բոլոր «դրոշներն» էին հյուր եկել մեզ։
-Այսօր, երբ երկրի համար հատկապես դժվար է, ամենակարևորը հանրությանը հանդարտություն բերելն է։ Պետք չէ շտապել ու ասել. «Մնաս բարո՜վ, Հայաստան»։ Առնվազն հանուն այն բանի, որ հետո չասես․ «Ների՛ր, Հայաստան»։ Չէ՞ որ մռայլ օրերին սովորաբար փոխարինելու են գալիս պայծառ օրերը, դրանք չեն անհետանա, հաստատ կգան։
Սա արդեն հին ընկերոջս՝ Արզնի քաղաքի դպրոցի նախկին տնօրեն Արթուր Կիրակոսյանի հետ զրույցից է, որը որոշել է Ռոստովից վերադառնալ Երևան և մշտական բնակություն հաստատել այստեղ։