Ի՞նչ ունես–չունես. նոր հավելվածները կօգնեն հարկեր վճարել և... ՊԵԿ–ից գումար ստանալ

Եկամուտների հայտարարագրեր պետք է ներկայացնեն Հայաստանի բոլոր բնակիչները. հարկային ծառայությունն արդեն բջջային հավելված է կազմել դրա համար։ ՏՏ մի շարք լուծումներ են ստեղծվում նաև բիզնեսի համար, այդ թվում՝ Արցախի և Ռուսաստանի հետ ինտեգրումը խորացնելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Վաղ թե ուշ մենք բոլորս կսկսենք հարկային հայտարարագիր հանձնել։ Ի՞նչ եկամուտներ պետք է այնտեղ ցույց տանք։ Կառավարությունը դեռ քննարկում է նախագծի մանրամասները, սակայն ՊԵԿ ՏՏ վարչության տեղեկատվական համակարգերի փոփոխությունների կառավարման և ազդեցությունների գնահատման բաժնի պետ Լուսինե Այվազյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ անկախ ամեն ինչից` հայտարարագրի ներկայացման համակարգը պետք է լինի հեշտ և սահուն։

Հավելվածի նախագիծը կազմված է «այո–ոչ» հարցերի շարքից` աշխատավարձի, վարձով տրվող բնակարանի, տարածքի կամ ավտոմեքենայի, ինչպես նաև` ձեռնարկատիրության գործունեությունից եկամտի մասին։ Եթե իրավական ակտով ընդունվի (ինչպես քննարկվում է հիմա), որ կրթության և բուժման ծախսերը նվազեցնելով` քաղաքացիները ստանան հարկային հաշվանցումներ, այս տարրը ևս կավելացվի համակարգին։

«Ըստ նրա, թե ինչպիսին կլինեն վերջնական կարգավորումները, ըստ այդմ մենք կկազմենք ծրագիրը, ու կփորձենք այն անել առավելագույնս պարզ և հարմար», – ընդգծում է Այվազյանը։

ՊԵԿ–ը իր հերթին կնույնականացնի հայտարարատուներին հանրային ծառայության համարանիշի միջոցով և կհամեմատի ներկայացված տեղեկատվությունը իր տվյալների բազաների հետ։ Ընդ որում` այդ համեմատությունը ՊԵԿ–ը կուղարկի մեզ` հավելվածի վրա, որպեսզի մենք ևս կարողանանք այն տեսնել և անհրաժեշտության դեպքում խմբագրել։

Հայկական արժույթ` Եվրասիական բանկից․ ԵԱԶԲ-ն դրամով պարտատոմսեր կթողարկի

Արդարադատության նախարարության` էլեկտրոնային կառավարման ծրագրերի ներդրման գրասենյակը (ԷԿԵՆԳ) քաղաքացիների համար կմշակի Gov id տարբերակով էլեկտրոնային ստորագրություն, որը չի պահանջի id քարտի ընթերցիչ (card reader), ինչպես հիմա։ Ընդ որում` նոր ստորագրությունից կկարողանա օգտվել նաև բիզնեսը հայտարարագիր կամ հարկային հաշիվ ստորագրելու համար։ Բիզնեսի համար ևս շուտով հասանելի կլինի բջջային հավելված, որտեղ հնարավոր կլինի կատարել այդ գործողությունները։

ՊԵԿ–ը գործարկել և մոտ ապագայում գործարկելու է մի շարք նախագծեր ևս։

Հեշտ հաշվարկների կազմում և ներկայացում

Դեռևս 2010-ից ՊԵԿ–ը ներդրել է հաշվարկային փաստաթղթերի և հարկային հաշվետվությունների էլեկտրոնային համակարգ։

2019-ից ՊԵԿ–ը գործարկել է նաև ինքնաշխատ լրացման pre-filing համակարգը։ Այստեղ հարկ վճարողը կարող է տեսնել, թե հաշվետու ամսվա կամ տարվա ընթացքում որքան հաշիվ է դուրս գրել կամ ՀԴՄ տպել։ Այս անհատական վիճակագրությունը հարկատուին օգնում է կազմել իր հաշվետվությունը։ Համակարգն արդեն աշխատում է ԱԱՀ–ի ու շրջհարկի համար, այն նախատեսվում է տարածել նաև մնացած հարկման համակարգերի վրա։

Միասնական հաշիվ

Բացի դրանից, է՛լ ավելի է պարզեցվում միասնական հաշվին հարկերի վճարումը։ Այն գործում է արդեն 2018-ից, իսկ հիմա հարկ վճարողը կկարողանա ընտրել, թե որ հարկատեսակն է ուզում մարել առաջինը։ Ճշտված հաշվարկների դեպքում հարկ վճարողին կներկայացվի ոչ թե նոր թիվը, այլ հնի ու նորի տարբերությունը, ինչը շատ ավելի հեշտ կլինի հարկ վճարողի համար։

Մեզ կօգնեն քայլել և ուրիշ կարագ ուտել. Բաշկիրիան առաջարկներ ունի Հայաստանին

Գումարը կտան առանց դիմումի

ԱԱՀ–ի և ակցիզի դեբետային գերավճարները բիզնեսին վերադարձվում են պարզեցված ձևով` դիմումի հիման վրա (հուլիսի 1-ից` ամսական պարբերականությամբ)։ 2023 թվականից նախատեսվում է, որ ոչ ռիսկային բիզնեսին գումարի վերադարձը կկատարվի ավտոմատ` անգամ առանց դիմումի (լրացուցիչ ստուգումներ կկատարվեն միայն բարձր ռիսկային տնտեսվարողների մոտ)։

Միասնական համակարգ Արցախի հետ

Առաջիկայում էլեկտրոնային հաշիվ ապրանքագրերի e-invoicing համակարգը ամբողջապես ինտեգրվելու է Արցախի ՊԵԿ–ի նույն համակարգի հետ։

«Հիմա այս տվյալները տնտեսվարողները ստանում են միջնորդավորված` մեր և Արցախի ՊԵԿ–ի միջոցով։ Առաջիկայում` մի քանի ամսից, մեր ու Արցախի տնտեսվարողները ազատորեն կկարողանան փոխանակել հաշվարկային փաստաթղթեր», – ընդգծում է Լուսինե Այվազյանը։

Ռուսաստան արտահանելը կհեշտանա

Մինչ օրս Ռուսաստանի հետ առևտուրը կաշկանդված է լրացուցիչ փաստաթղթերով։ Եթե, օրինակ, Երևանից Վորոնեժ ուղարկվում է մրգի հյութ, ՀՀ գործարանը հետ չի ստանում ԱԱՀ–ն, քանի դեռ Վորոնեժի խանութը չի ուղարկում տեղեկանք, որ ինքը վճարել է այդ ԱԱՀ–ն։ Այս պատճառվ տնտեսվարողները ուշ են ստանում իրենց գումարները։

Հակաթուրքական էմբարգո. Հայաստանը շահո՞ւմ է, թե՞ կորցնում

«Հիմա մեր ՌԴ գործընկերների հետ կազմում ենք ինվոյսների միասնական համակարգ, որտեղ մեր հարկ վճարողի արտահանման ինվոյսը միանգամից հասանելի կլինի մեր ՌԴ գործընկերներին, և նրանք կկարողանան հաստատել դա։ Նախագիծն արդեն կա, հիմա կազմում ենք դրա ներդրման ժամանակացույցը։ Նման համակարգ Ռուսաստանն արդեն ունի Բելառուսի հետ, և մերը ապահովելու է ինտեգրման նույն մակարդակը», – ասում է Այվազյանը։

ԵԱՏՄ տարածքի համար նախագծվում է նաև ներմուծված ապրանքների հետագծելիության համակարգ (խոսքը վերաբերում է երրորդ երկրներից ներմուծված ապրանքներին)։

Եկամտային հարկի վերադարձ

Նոր համակարգը թույլ կտա հետ ստանալ եկամտային հարկը հիփոթեքի վճարումներից։ Մեկ անգամ քաղաքացուց ստանալով բոլոր փաստաթղթերը` ՊԵԿ–ը բանկերից և ԱՔՌԱ վարկային բյուրոյից կստանա հիփոթեքի տոկոսավճարների, իսկ իր սեփական համակարգից` աշխատավարձի ու եկամտային հարկի տվյալները։ Այնուհետև վերադարձի գումարները եռամսյակը մեկ ավտոմատ նստեցվելու են քաղաքացու բանկային քարտին։ Այս համակարգը կներդրվի առաջիկա ամիսներին, նշում է ՀՀ ՊԵԿ ՏՏ վարչության տեղեկատվության փոխանակման և կառավարման բաժնի պետ Արսեն Ղարիբյանը։

2021թ․–ի առաջին եռամսյակի 10 խոշոր հարկատուները

Մաքսատուն կարելի է չգալ

Եվս մի համալիր լուծում արդեն իսկ թեստավորվում է ապրանքների և տրանսպորտային միջոցների ավտոմատ բացթողնման և հետբացթողումային հսկողության համար։ Ապրանքային հայտարարագիրը հիմա էլ է ներկայացվում էլեկտրոնային տարբերակով, վճարել մաքսային մարմիններին վճարման ենթակա վճարները առանց բանկ այցելելու, սակայն բեռը պահեստից հանելու համար` գալ մաքսային պահեստ։

«Հիմա ավարտական փուլում է գտնվում «մեկ պատուհանը», որտեղ հնարավոր կլինի ներկայացնել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և կատարել վճարումները բանկում», – նշում է Ղարիբյանը։

Այս համակարգից կկարողանան օգտվել նաև ֆիզիկական անձինք, որոնք ներմուծում են մեքենա կամ, օրինակ, առցանց առևտրով ինչ–որ ապրանքներ։

«Կապիտալիստները և պացիենտները». ինչպես է Հայաստանի ֆիննախն ավելացնելու հարկերը

Բացթողումից հետո հսկողությունը կատարվելու է` վերլուծելով հարկ վճարողի ռիսկայնության աստիճանը։ Բարեխիղճ տնտեսվարողների մոտ որևէ ֆիզիկական ստուգում չի անցկացվի։

«Այս համակարգը, որը շուտով կգործարկվի, առայժմ չկա ԵԱՏՄ մյուս երկրներում, իսկ Եվրոպայում կա միայն Գերմանիայում ու Մեծ Բրիտանիայում», – ընդգծում է ՊԵԿ ՏՏ վարչության պետի տեղակալ Ռաֆայել Գրիգորյանը։

ԱՄՆ–ից Հայաստան տրանսֆերտներն աճում են. նաև ՌԴ–ից է ակտիվություն ակնկալվում

Ռիսկային տնտեսվարողների վերլուծության համար ՊԵԿ–ը նախատեսում է մեծ տվյալների (big data) վերլուծական գործիք, որը կօգնի ՊԵԿ–ի մասնագետներին բացահայտել անբարեխիղճ հարկ վճարողներին։ Համակարգը, որը մշակվել է Ամերիկյան համալսարանի հետ համատեղ, առաջին փորձերից հետո ցույց է տվել իրական տվյալների հետ գրեթե կիսով չափ համընկնում։

Այս և այլ վերլուծական գործիքների ազդեցությունը բոլորովին անտեսանելի կլինի օրինապահ հարկ վճարողների համար։ Վերջիններիս (լինեն իրավաբանական, թե ֆիզիկական անձինք) բավարար կլինի մուտք գործել մեկ պատուհան և լրացնել բոլոր անհրաժեշտ տվյալները համակարգչից կամ հեռախոսից։

Հայաստանը ջարդոն կարտահանի զրոյական քվոտայով