Օրինակ` դժվար թե հիմա որևէ մեկը կարողանա ստույգ կանխատեսել, թե կիրակի օրը ո՞ր քաղաքական ուժը կհաղթի մեզ մոտ, որովհետև, երևի գիտեք` ըստ սոցիոլոգիական հարցումների, հիմնական մրցակիցների վարկանիշները գրեթե հավասար են։
Նույն անորոշությունն էր դարեր առաջ տիրում Վատիկանում, երբ Հռոմի նոր պապ էր ընտրվում։ Եվ կարդինալներից ոմանք էսպիսի հնարքի էին դիմում՝ ընտրությունների առաջին փուլում իրենց ձայնը տալիս էին ամենաանհավանական թեկնածուին, որպեսզի տեսնեին, թե հիմնական թեկնածուների ձայներն ինչպես են բաշխվում։ Եվ 1334 թվականին արտառոց բան պատահեց. երբ ամփոփվեցին առաջին փուլի արդյունքները, հանկարծ պարզ դարձավ, որ բոլոր կարդինալները քվեարկել են Ժակ Ֆուրնիեի օգտին, որին որևէ մեկը ընդհանրապես իրական թեկնածու չէր համարում։ Ստիպված հենց այդ՝ ոչնչով երբեք աչքի չընկած պատահական մարդուն էլ պապ հռչակեցին։
Իսկ ի՞նչ եք կարծում՝ կարո՞ղ եք արդյոք թեկուզ տեղական մարմնի պատգամավոր դառնալ, եթե ձեր օգտին քվեարկել է ընդամենը մեկ մարդ։ Նկատե՛ք, ոչ թե մեկ ձայնի առավելությամբ, այլ հենց ընդամենը մեկ ընտրողի ձայնով։ Բայց էդպես եղել է։ Մի քանի տարի առաջ Պյոտր Իվկինը դարձավ սիբիրյան գյուղերից մեկի ավագանու անդամ՝ ստանալով մեկ քվե։ Վելիկովիսոչնոյե հավակնոտ անունը կրող գյուղում, որտեղ կար մոտ 500 ընտրող, քվեարկելու էր եկել ընդամենը 41 մարդ։ Դե ամառ էր. գյուղացիները գնացել էին սունկ, հատապտուղ հավաքելու և ձուկ բռնելու։ 40 ձայնը բաշխվեց 4 թեկնածուների միջև, մնաց միայն մեկ մանդատ, մեկ թեկնածու և մեկ ձայն։ Հենց այդ հինգերորդ թեկնածուն՝ Պյոտր Իվկինն էլ ստացավ այդ մեկ ձայնը ու դարձավ ավագանու անդամ։
Համաձայնեք՝ մեր արտահերթ ընտրություններին մասնակցող 26 ուժերից շատերը կերազեին ստանալ գոնե մեկ ձայն, բայց մտնել խորհրդարան։
Ինչպես տեսնում եք, մարդիկ գերադասում են սպիտակ սունկ ու մոշ հավաքել ընտրատեղամաս գնալու փոխարեն, բայց որոշ երկրներում դա պատժվում է։ Օրինակ` Բելգիայում ընտրություններին չմասնակցելու համար առաջին անգամ պիտի վճարեք 50 եվրո, երկրորդ անգամ՝ 125 եվրո։ Բայց նաև կար ժամանակ, երբ ձեզ կարող էին տուգանել, եթե հրաժարվեիք այն պաշտոնից, որը պիտի զբաղեցնեիք ընտրության արդյունքներով։ Հիմա, իհարկե, կասեք՝ ինչպե՞ս թե, ինձ ընտրեին ու ես հրաժարվեի՞։ Բայց, կներե՛ք, ինչո՞ւ եք զարմանում։
Հեղափոխության հետևանքները, կամ ով չի ուզում երջանիկ լինել՝ գնդակահարել
Ասե՛ք ինձ խնդրեմ՝ մեր պառլամենտի անդամներից քանի՞սը կհամաձայներ մնալ խորհրդարանում, եթե ես ասեի՝ սիրելի՛ տիկնայք և պարոնայք, վաղվանից այլևս չեք ստանալու ոչ միայն ձեր պատկառելի պարգևավճարները, այլև ձեր աշխատավարձը, որը մի քանի անգամ գերազանցում է միջին հայաստանցու ստացածը։ Ինձ թվում է` Ազգային ժողովի դահլիճից վայրկենապես կանհետանային նույնիսկ այն պատգամավորները, որոնք հիմա ճոռոմ-ճոռոմ հայտարարում են՝ հո փողի՞ համար չենք աշխատում, ժողովրդի ու հայրենիքի մասին ենք օր ու գիշեր մտածում։
Եթե չեք հավատում, որ հենց փողն է ձգում հարդկանց, հայտնի օրինակ բերեմ։ Ֆիլադելֆիա քաղաքում ժամանակին ավագանու խորհուրդն ամեն տարի իր կազմից քաղաքապետ էր ընտրում, որը կա՛մ պիտի անպայման քաղաքապետ աշխատեր առանց վճարվելու, կա՛մ փող վճարեր այդ պաշտոնից հրաժարվելու համար։ Եվ ի՞նչ էին անում ընտրված քաղաքապետները։ Այո՛, շատ ճիշտ եք՝ հիմնականում մուծում էին պահանջվող գումարն ու ասում. «Ես հո գի՞ժ չեմ, որ ամեն օր ստիպված լինեմ զբաղվել համաքաղաքացիների բազում անլուծելի խնդիրներով ու ոչ մի կոպեկ չստանամ դրա դիմաց»։
Ի դեպ, քաղաքի բազում պրոբլեմների վրա հանրության ուշադրությունը սևեռելու այլ ձև էլ կա։ Հեռու չգնանք։ Հենց մի քանի շաբաթ առաջ Մեքսիկայի Խուարես քաղաքում կայացած տեղական ընտրությունների ժամանակ թեկնածուներից մեկը նախընտրական հանրահավաքին իր հետ բերեց մի դագաղ, պառկեց մեջը, իսկ նրա համակիրները սկսեցին պատմել, թե ինչպես են նախկինները սպանել քաղաքը։ Հետո թեկնածուն դուրս թռավ դագաղից և հայտարարեց. «Ինչպես ես վերակենդանացա, այնպես էլ կվերակենդանացնեմ այս քաղաքը»։
Նահանջի տեղ չկա, վտանգ ես զգում, պիտի առաջինը հարձակվես, կամ Իսրայելի հաղթանակի բանաձևը
Ասում են, այդ թեկնածուն, որը դագաղով էր գալիս նախընտրական հավաքներին, ի վերջո ընտրվեց։ Դե ի՞նչ, ընդամենը մի քանի օրից էլ մեզ մոտ պարզ կդառնա, թե արդյոք հնարավո՞ր է հաղթել, հանրահավաքների բերելով տան մուրճը։