Բաքվի դատարանը լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման

Դատարանի վճռի համաձայն՝ առաջին հինգ տարիները Էուլջեքչյանը կանցկացնի բանտում, իսկ մնացած ժամկետը կրելու է խիստ ռեժիմի գաղութում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. Բաքվի դատարանը որոշել է լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանին դատապարտել 20 տարվա ազատազրկման. տեղեկանում ենք Sputnik Ադրբեջանից։

Դատարանի վճռի համաձայն՝ առաջին հինգ տարիները Էուլջեքչյանը կանցկացնի բանտում, իսկ մնացած ժամկետը կրելու է խիստ ռեժիմի գաղութում։

Մտածեցի, որ ադրբեջանցիները մեզ ողջ–ողջ այրելու են. Մարալը պատմել է` ինչպես են գերի ընկել

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Բաքվի Յասամալի դատարանում հունիսի 8-ին մեկնարկել է Էուլջեքչյանի գործով նախապատրաստական նիստը:

Ադրբեջանում նրան մեղադրանք է առաջադրվել «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով: Դատարանի որոշմամբ` Վիգենի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Էուլջեքչյանի գործով մեղադրանքը կառուցվում է միայն ամբաստանյալի «խոստովանական» ցուցմունքների վրա։

Մինչդեռ հայտնի է, որ 2015-ին Էուլջեքչյանը ստացել է Հայաստանի քաղաքացիություն, 2019-ին տեղափոխվել է սկզբում Երևան, այնուհետև` Շուշի։ 2020թ. նոյեմբերի 10-ին նրան և Մարալ Նաջարյանին գերի էին վերցրել ադրբեջանցի զինվորականները։

«Դատական գործերս ավարտվեն, կգամ». ինչ է պատմել ընտանիքին Բաքվում պահվող լիբանանահայ գերին

Ավելի ուշ Նաջարյանը ռուսական կողմի միջնորդությամբ ազատ արձակվեց։ Sputnik Արմենիան ավելի վաղ մանրամասն ներկայացրել էր Վիգեն Էուլջեքչյանի պատմությունը։