Տպավորություն է, թե հայտարարված է մրցույթ՝ ով ում որքան շատ կվիրավորի ու կհայհոյի․ ՄԻՊ

Իրական խնդիրները բարձրաձայնելու ու լուծումները քննարկելու փոխարեն վիրավորանքն ու հայհոյանքը խանգարում են մարդկանց հասկանալ, թե ում օգտին քվեարկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik․ Նախընտրական քարոզարշավի մասնակից քաղաքական ուժերի՝ վիրավորանք ու հայհոյանք պարունակող բառապաշարը մարդկանց մոտ ստանում է խիստ մտահոգիչ տարածում․ նրանք էլ են սկսում այս հռետորաբանությունն օգտագործել։

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տարածել է Արման Թաթոյանի հայտարարությունը։ ՄԻՊ-ը նշում է, որ նաև տարածվում են վիրավորանք ու ատելություն պարունակող խիստ դատապարտելի հոլովակներ քաղաքական հակառակորդ տարբեր ուժերի մասին:

Փաշինյանի մուրճի թեմայով Զոհրաբյանը դիմել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարին

«Տպավորություն է` ողջ երկրով մեկ հայտարարված է մրցույթ, և միավորներն ավելանում են` կախված նրանից, թե ով ում որքան շատ կվիրավորի ու կհայհոյի: Ստացվել է այնպես, որ նախընտրական քարոզարշավը նրա համար է, որ ապահովվեն փոխադարձ մեղադրանքների, վիրավորանքի ու հայհոյանքի հանրային տեսարաններ, իսկ հանրային քննարկմանը տիրույթն էլ լցվի միայն իշխանավեճի օրակարգով՝ լի վիրավորանքով ու հայհոյանքով»,- նշված է հայտարարության մեջ։

Պաշտպանի կարծիքով՝ քաղաքական ուժերը հաշվի չեն առնում, որ իրենց հռետորաբանությունը մարդիկ տարածում են նաև սոցցանցերում և անգամ դրանցից դուրս հակառակ կարծիք ունեցողների նկատմամբ։ Այդպիսով, ոչ միայն մթնոլորտն է լարված մնում, այլև երկարաժամկետ հեռանկարով խորանում է բեևեռացումն ու անհանդուրժողականությունը:
ՄԻՊ-ը զգուշացնում է՝ արժանապատվությունը վիրավորող հռետորաբանությունը սադրիչ է և կարող է իրական կյանքում փոխակերպվել բռնության:

ԿԸՀ-ն մերժեց․ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիրը» կմասնակցեն ընտրություններին

«Անհրաժեշտ է դադարեցնել, ուղղակի բացառել հանրային տիրույթում փոխադարձ վիրավորանքի ու հայհոյանքի օրակարգի անհեռատես զարգացումն ու բացահայտ խրախուսումը:
Քաղաքական ուժերն ու հատկապես հանրային գործիչները պետք է բոլորին հորդորեն հարգել մարդու յուրաքանչյուր իրավունք, հատկապես՝ արժանապատվությունն ու կարծիքի արտահայտման ազատությունը: Պետք է սեփական օրինակով նպաստել երկրում համերաշխության վերականգնմանն ու փոխադարձ հարգանքի երաշխավորմանը»,- նշված է ՄԻՊ հայտարարության մեջ։

Փաշինյանի կուսակցությանը զրկել ընտրություններին մասնակցելուց․ Արա Զոհրաբյանի առաջարկը

Թաթոյանը կարծում է, որ երբ իրական խնդիրները բարձրաձայնելու և լուծումներ քննարկելու փոխարեն շարունակվում է հայհոյանքի ու վիրավորանքի օրակարգը, մարդիկ այդպես էլ չեն կարողանալու հստակ պատկերացում կազմել, թե իրենց կենսական խնդիրները լուծելու համար ում օգտին պետք է քվեարկել, որ հետո էլ կարողանան վերահսկողություն իրականացնել հանրային իշխանություն ձևավորած քաղաքական ուժի նկատմամբ: