«Կխոսենք, երբ 24 ժամը լրանա». Հարությունյանը` Փաշինյանին առնչվող նոր փաստերի մասին

Դավիթ Հարությունյանի խոսքով` Նիկոլ Փաշինյանը փորձում է լարվածության այնպիսի աստիճան հրահրել, որը գուցե նաև ներքին բախումների հանգեցնի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական շտաբի ղեկավար Դավիթ Հարությունյանը վստահ է`ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի վարկանիշը գնալով գահավիժում է։ Հարությունյանը նման կարծիք հայտնեց այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ։

«Հանձնարարել եմ, որ Բաքվին փոխանցեն իմ առաջարկը». Փաշինյանը` որդու և գերիների մասին

«Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ Փաշինյանը մտքեր է ասում, որոնք տասնյակ նոր հարցեր են առաջացնում: Նա յուրաքանչյուր հաջորդ անգամ ստիպված փորձում է դրանք կոմպենսացնել՝ բռնության կոչեր հնչեցնելով: Ակնհայտ է, որ նա փորձում է լարվածության այնպիսի աստիճան հրահրել, որը գուցե նաև ներքին բախումների կհանգեցնի»,–ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով` իշխանության վարած քարոզչությունը դժվար է քաղաքակիրթ անվանել։

Նշենք, որ երեկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել էր Փաշինյանի այն հայտարարությանը, թե Մոնտե Կառլոյի խաղատանը Սարգսյանը զինվորների գումարներն է մսխել։ Սարգսյանն ասել էր` եթե 24 ժամվա ընթացքում Փաշինյանը մեկ փաստ չհրապարակի, ապա ինքը նրա ընտանիքի մասին փաստեր կհրապարակի։ Դավիթ Հարությունյանը, խոսելով այդ մասին, նշեց, որ Սարգսյանը կխոսի փաստերով։

«Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին տվել է ժամանակ առաջին հերթին այն պատճառով, որ այս քարոզարշավը իշխանական ուժի կողմից ուղեկցվում է ակնհայտ ստահոդ տեղեկություններ հրապարակելով։ Սերժ Սարգսյանի ասածը հետևյալն էր, որ մենք ասեկոսեներ չենք տարածելու, խոսելու ենք փաստերով։ Կարծում եմ` շատ շուտով փաստերով կխոսենք, երբ ժամը լրանա»,–ասաց Հարությունյանը։

Նշենք, որ Հայաստանում հունիսի 7-ից պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն 21 կուսակցություն և 4 դաշինք, որոնք պայքարում են Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված 2 581 093 ընտրողների ձայների համար։

Հիշեցնենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։ 

«Բա որ ես էլ ընդունեմ դուելի հրավերը` շարեմ ճակատին». Նիկոլ Փաշինյանը` Ռոբերտ Քոչարյանին