Արայիկ Հարությունյանը Երևանում հանդիպել է Քաշաթաղի շրջանի համայնքների ղեկավարների հետ

Արայիկ Հարությունյանն ասել է, որ այն ընտանիքները, որոնք մշտական բնակություն կհաստատեն Արցախում, բնակարան կստանան պետությունից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik.Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 8-ին Երևանում հերթական հանդիպումն է ունեցել Քաշաթաղի շրջանի համայնքների ղեկավարների հետ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

«Մեզ բոլորիս ծախեցին». Ստեփանակերտի շուկայում ժենգյալով հաց թխող 2 քույրերի պատմությունը

Ըստ հաղորդագրության` Արցախի նախագահը նշել է, որ տեղահանված բնակիչների խնդիրները գտնվում են ԱՀ կառավարության ուշադրության կենտրոնում, և ավանդական դարձած ձևաչափով հանդիպումների նպատակն է ժամանակին վերհանել բոլոր խնդիրները և փորձել առկա հնարավորությունների սահմաններում օպերատիվ լուծումներ առաջարկել:

Անդրադառնալով բնակիչների կորցրած շարժական և անշարժ գույքի՝ ՀՀ և ԱՀ կառավարությունների համատեղ ջանքերով փոխհատուցման խնդիրներին՝ Հարությունյանը նշել է` ստեղծվել է հանձնաժողով, որը կգնահատի դրանց ծավալները և պետության կողմից, բացի որոշակի դրամական աջակցությունից, կտրվի նաև պարտքը վերադարձնելու հավաստագիր, որը մինչև նախատեսված ժամանակացույցի ավարտը տարեկան տոկոսադրույքի եղանակով նաև որոշակի դրամական եկամուտ կապահովի:

Հարությունյանն ընդգծել է, որ բոլոր տեղահանված քաղաքացիների վերադարձն Արցախ շարունակում է մնալ կառավարության առաջնահերթություններից: Եվ այն ընտանիքները, որոնք Արցախում մշտական բնակություն կհաստատեն, պետության կողմից կստանան բնակարան, համապատասխան գույք և տնտեսական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ աջակցություն։

Հանդիպման ընթացքում Արցախի նախագահը համայնքների ղեկավարներից հետաքրքրվել է Հայաստանում ապաստանած քաշաթաղցիների խնդիրների մասին, լսել դրանց լուծմանն ուղղված առաջարկները, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին։

«Անգամ ոսկեղենը չենք վերցրել...». Գրիգորյանների ընտանիքը 2 անգամ է փախել պատերազմից