Սպանությունից մինչև նոր կյանք. շաբաթվա ուշագրավ իրադարձությունները՝ լուսանկարներով

Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի - Sputnik. Այս տարվա 23-րդ շաբաթը լի էր ինչպես արտակարգ դեպքերով, այնպես էլ գեղեցիկ իրադարձություններով։ Հրշեջ–փրկարարներին ի վերջո հաջողվեց մարել 10 օր շարունակ այրվող Մասիս քաղաքի աղբավայրը։
Իսկ Երևանի կենտրոնական Աբովյան փողոցում հունիսի 2-ին անհայտ անձը հրազենից մահացու վիրավորում հասցրեց Գավառ քաղաքի բնակչին ու դիմեց փախուստի:

Շենգավիթում կատարված սպանությունը բացահատվել է. սպանվածը դանակահարողի քեռին է. տեսանյութ

Բայց կյանքը շարունակվում է։ Ու դրա վկայությունն այս շաբաթ դարձավ Արցախյան պատերազմում զոհված կամավոր Հովհաննես Մարկոսյանի դստեր ՝ Միլանի ծնունդը։

Հովհաննես Մարկոսյանը գիտեր, որ հայր է դառնալու, բայց դա նրան հետ չպահեց պատերազմ մեկնելուց։ Երիտասարդ ամուսինները 4 տարի բուժվում էին երեխա ունենալու նպատակով։ Մայիսի 26-ին նրանց երազանքն իրականացավ, բայց հորը վիճակված չէր տեսնել իր երկար սպասված զավակին։

Հունիսի 4-ին Երևանում 5-րդ անգամ անցկացվեց գինու փառատոնը։ 2 օր տևած միջոցառման վերաբերյալ հանրության տեսակետները տարբեր էին` ոմանք նախընտրեցին մասնակցել ու կտրվել առօրյայից, մյուսներն այն համարեցին խրախճանք ժանտախտի ժամանակ ու ամենախիստ քննադատության արժանացրեցին թե՛ կազմակերպիչներին, թե՛ մասնակիցներին։

Բայց անկախ երկրում առկա իրավիճակից, Հայաստանն այնուամենայնիվ շարունակում է զբոսաշրջությունը համարել տնտեսական կարևոր ուղղւթյուններից մեկը։ Այս շաբաթ, զբոսաշրջային սեզոնին ընդառաջ, բնապահպանության նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի մասնակցությամբ Խոսրովի արգելոցում բացվեցին նոր էկո-զբոսաշրջային երթուղիները։

Կարող եք հայտեր ներկայացնել. Խոսրովի անտառը նոր առաջարկ ունի. տեսանյութ

1 / 12
Մասիսի աղբավայրն այրվում էր 10 օր շարունակ։
2 / 12
Հունիսի 1-ին ԿԸՀ-ում կայացած ճեպազրույցի ժամանակ ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի ղեկավար Եվգենի Կոզյակը հայտնել է, որ ԱՊՀ-ից Հայաստանում ընտրություններին կհետևեն շուրջ 70 դիտորդներ:
3 / 12
Դաշնակահարուհին Ա․Գրիբոյեդովի հեղինակած վալսի կատարման ժամանակ՝ «Ռուսական տան» կազմակերպած «Սովորում ենք ռուսերեն Գրիբոյեդովի հետ» կոմիքս-այբբենարանի շնորհանդեսին։
4 / 12
Գագիկ Ծառուկյան ու Արա Խաչատրյան. հունիսի 1-ին Երևանի Հյուսիսային պողոտայում միացվեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի մեկնարկի հետհաշվարկով ժամացույցը։
5 / 12
Սպանված քաղաքացու արտացոլանքը մեքենայի մեջ. հունիսի 2-ին մայրաքաղաքի կենտրոնում աղմկահարույց սպանություն տեղի ունեցավ. անհայտ անձը հրազենից մահացու կրակ արձակեց Գավառի բնակչի ուղղությամբ ու դիմեց փախուստի:
6 / 12
Անտառային փողոցի երիտասարդ բնակիչը վազում է հրշեջների մոտ. հունիսի 3-ին հրդեհ բռնկվեց Երևանի կենտրոնում, այրվեց մոտ 200 քմ ընդհանուր մակերեսով տանիքներ և շինություններ։
7 / 12
Հրշեջը Անտառային փողոցում բռնկված հրդեհը մարելուց հետո:
8 / 12
Զոհված կամավոր Հովհաննես Մարկոսյանի դուստրը ՝ Միլան։
9 / 12
«Երևանի գինու օրեր» փառատոնի այցելուները գովազդային պաստառի մոտ. հունիսի 4-ին Երևանում 5-րդ անգամ մեկնարկեց գինու փառատոնը, այն տևեց 2 օր։
10 / 12
Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը Խոսրովի արգելոցում նոր էկոզբոսաշրջային երթուղիների շնորհանդեսի ժամանակ զբոսաշրջային ցուցանակ է բացում։
11 / 12
Լրագրողը Խոսրովի արգելոցում նոր էկոզբոսաշրջային երթուղիների շնորհանդեսից հետո զբոսնում է Հավուց Թառ վանքի տարածքում։
12 / 12
Գառնի գյուղն ու կիրճը Խոսրովի արգելոցի տարածքից։