ՌԱԴԻՈ

Ինչո՞ւ Հայաստանը չի փորձում Իրանից նավթամթերք ներկրել. պատասխանը փնտրել քաղաքական դաշտում

Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն Վահե Դավթյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանում բենզինի գնի բարձրացմանը և ղազախական նավթամթերք ներկրելու գործընթացի «սառեցման» խնդրին։
Sputnik
Ինչո՞ւ Հայաստանը չի փորձում Իրանից նավթամթերք ներկրել. պատասխանը փնտրել քաղաքական դաշտում

Հայաստանում բենզինի գնաճի առանցքային պատճառը նավթամթերքի ներկրման դիվերսիֆիկացման քաղաքականության տապալումն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտենց Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն Վահե Դավթյանը։

Ինչպես կազդի ՌԴ-ում բենզինի թանկացումը Հայաստանի ու ԵԱՏՄ անդամ մյուս երկրների վրա

Նրա խոսքով` խնդիրը հնարավոր էր կարգավորել, եթե ղազախական նավթամթերք, մասնավորապես` բենզին ներկրելու համար Ղազախստանի կառավարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչվեին, որոնք առայսօր գտնվում են փաստաթղթավորման փուլում, հետևաբար` Ղազախստանից դիզվառելիք դեռևս չի ներկրվում։

Այդ պայմանագիրը պետք է նոր թափ հաղորդեր հայ-ղազախական հարաբերություններին, բայց միջպետական կապերի սնանկության պատճառով այդպես էլ չդարձավ Հայաստանի տնտեսական ոլորտի կարևորագույն իմպուլսներից մեկը։ 

«Քանի որ գործ ունենք միջպետական պայմանավորվածության հետ, ապա առավել քան պարզ է, որ մենք պետք է նշենք Հայաստան ու ԵԱՏՄ մասնավորապես Հայաստան-Ղազախստան հարաբերությունների գրեթե զրոյական վիճակում գտնվելը»,- ասաց նա։

Ինչո՞ւ է Հայաստանում աճում բենզինի գինը

Հաշվի առնելով Ղազախստանի գեոքաղաքական դիրքորոշումը և թուրքական կապիտալի ազդեցության շարունակական աճը Ղազախստանում, Դավթյանը չի բացառում, որ այդ հարցում թուրքական գործոնը ևս որոշակի ազդեցություն է ունեցել։ Որպես հիմնավորում մասնագետը բերում է 2019-2020 թթ. Թուրքիայից Հայաստան ներկրված բենզինի ու դիզվառելիքի ծավալների նկատելի աճը։

«2019 թվականի դրությամբ ներկրումը կազմել է մոտ 25 մլն դոլար, և այս տենդենցը շարունակվել է 2020-ին։ Այսօր սառեցվել է ներկրումը, բայց 2019-2020 թվականներին մենք ունեցել ենք Թուրքիայից բենզինի ներկրման բավականին մեծ աճ»,- նշեց Դավթյանը։

Ռուսաստանից ներկրվող բենզինի գնի բարձրացումը Դավթյանը կապում է ռուսական շուկայում արձանագրված գնաճի հետ, որը կասեցնելու նպատակով ՌԴ պետդումայում այժմ քննարկում են մինչև հոկտեմբեր ՌԴ-ից բենզինի արտահանման դադարեցման հարցը։ 

Եթե որոշումն ընդունվի, ապա Հայաստանը կառերեսվի բավականին լուրջ խնդիրների հետ, քանի որ բենզինի 90 տոկոսից ավելին ներկրվում է Ռուսաստանից։

«Այս պարագայում չեմ բացառում, որ ավելանա ներկրումը թուրքական շուկայից, և հաշվի առնելով նաև Ալիևի վերջին հայտարարությունները, թե Ադրբեջանը պատրաստ է ոչ միայն էներգառեսուրսներ, այլ նաև նավթամթերք արտահանել դեպի ՀՀ շատ ավելի ցածր գներով, կարծում եմ, որ այդ սցենարն այս պահի դրությամբ կարող է որոշակի ակտուալություն ունենալ»,- պարզաբանեց Դավթյանը։

Իսկ թե ինչու Հայաստանը չի փորձում հարևան Իրանից նավթամթերք ներկրել, Դավթյանը հուշում է` այս դեպքում ևս պետք է պատասխանը քաղաքական դաշտում փնտրել։ Ոչ վաղ անցյալում Հայաստանը Իրանի հետ բավականին դինամիկ երկխոսության փորձ ունեցել է, սակայն վերջին շրջանում միայն աստիճանական անկում է արձանագրել։ 

Խաչատուր Սուքիասյանը կանոններ կթելադրի՞ շուկայում. Դավթյանը «բենզինային» գործարքի մասին

«Եթե խոսենք կոնկրետ թվերով, ապա իրանական նավթամթերքի տեսակարար կշիռը մեր ներքին շուկայում չի գերազանցում 5 տոկոսը։ Հաշվի առնելով այս իշխանությունների դիրքորոշումը, այս իշխանությունների արտաքին քաղաքական կողմնորոշումն առավել քան պարզ է, որ իրենից կոնսերվատիվ ռեժիմ ներկայացնող Իրանի հետ հարաբերությունների խորացումը երբևէ չի եղել մեր օրակարգում»,- եզրափակեց Դավթյանը։

Նշենք, որ Հայաստանում բենզինի գները կրկին բարձրացել են. ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը ՀՀ բենզալցակայաններում վաճառվում է 460 դրամով, իսկ պրեմիումը՝ 480 դրամ: 

Բենզինի գնի տատանումները Հայաստանում․ հետհայացք և կանխատեսումներ