Երևանի 30-ամյա բնակիչը խաբեությամբ արցախցիներից գումար է հափշտակել՝ նրանց իսկ օգնելու պատրվակով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Մայիսի 29-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժին նույնաբովանդակ երկու ահազանգ է ստացվել։ Երկու դեպքում էլ ահազանգողները արցախյան 44-օրյա պատերազմից հետո Տավուշի մարզի Կողբ համայնքում բնակություն հաստատած տղամարդիկ են եղել։ Իրավապահներին նրանք հայտնել են խարդախությամբ իրենցից գումար հափշտակելու մասին։
«Իրենց է զանգել մի տղամարդ, ներկայացել Կարեն անվամբ ու ասել, որ աշխատում է բարեգործական կազմակերպությունում։ Հայտնել է, որ Արցախից եկած ընտանիքներին օգնություն են տրամադրում, որը տեղ հասցնելու համար, որպես ճանապարհածախս, մի արցախցուց պահանջել է՝ 55, մյուսից՝ 50 հազար դրամ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Տղամարդիկ պահանջած գումարը էլեկտրոնային եղանակով փոխանցել են, սակայն իրենց օգնությունն այդպես էլ տեղ չի հասել։
Նոյեմբերյանի ոստիկանները, համագործակցելով Էրեբունու բաժնի քրեական հետախույզների հետ, պարզել են, որ Կարեն ներկայացած և խարդախությամբ փող հափշտակած անձը Երևանի 30-ամյա բնակիչ է։
Խոստացել է կահույք առաքել, հափշտակել է գումարը. ոստիկանները բացահայտել են խարդախ ֆեյքին
Պարզվել է նաև, որ նա ներկայացել է այլ անունով։ Կասկածվողը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել Նոյեմբերյանի բաժին։ Նա արդեն խոստովանական բացատրություն է տվել։
Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։
Ինչպես չդառնալ խարդախության զոհ. Հայաստանի բանկերի միավորումն ինֆորմացիոն արշավ է սկսել