«Ձեզնից իմացա». ՊԵԿ նախագահը լրագրողներից լսեց` ով է Մեղրիում մաքսային պահեստ կառուցում

ՊԵԿ նախագահը մեկնաբանեց, որ գործող օրենսդրությունը նման ընթացակարգ չի նախատեսում, որ մաքսային տերմինալ կառուցողը նախապես այդ մասին տեղյակ պահի ՊԵԿ–ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Այն մասին, որ «Սիլ» կոնցեռնի նախագահ, գործարար Խաչատուր Սուքիասյանը Մեղրիում մաքսային նոր տերմինալ է կառուցում, ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն իմացավ այսօր, լրագրողներից։

Մեղրիի անցակետի արդիականացման հարցերը ՊԵԿ նախագահը քննարկել է Իրանի գործընկերոջ հետ

«Ես չունեմ նման տեղեկություններ տերմինալ կառուցվում է, թե ոչ և ով է կառուցում։ Իսկ եթե դուք տեղյակ եք, ճիշտն ասած, ձեզանից իմացա։ Տեղյակ չեմ»,– այսօր ԱԺ–ում լրագրողների հարցերին ի պատասխան ասաց Հովհաննիսյանը։

ՊԵԿ նախագահը հայտնեց, որ գործող օրենսդրությունը նման ընթացակարգ չի նախատեսում, որ մաքսային տերմինալ կառուցողը նախապես այդ մասին տեղյակ պահի ՊԵԿ–ին։

«Հնարավոր է նախաձեռնեն, կառուցեն և վերջում դիմեն թույլտվություն ստանալու համար։ Երբ որ կդիմեն, նոր մենք կտեղեկացվենք, որ անձը կառուցել է մաքսային պահեստ և դիմել է ՊԵԿ–ին` թույլտվություն ստանալու համար»,– ասաց նա։

Էդվարդ Հովհաննիսյանը հայտնեց նաև, որ այս պահին նման դիմում չեն ստացել։

Դադարեցվել է իմ հրամանով. ՊԵԿ նախագահը` Մեղրիի մաքսային պահեստում եղած խախտումների մասին