«Զուտ տերմինի խնդիր է». Մհեր Գրիգորյանը` Ադրբեջանի հետ միջանցք բացել–չբացելու մասին

Մհեր Գրիգորյանը վստահեցնում է, որ եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումների ժամանակ միջանցքի փոխարեն կիրառում են հունվարի 11-ի հայտարարության տերմինները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. Միջանցքային տրամաբանության հարցեր հայկական կողմը չի քննարկել, չի քննարկելու և հնարավոր էլ չի քննարկել նման հարց։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը` անդրադառնալով ապաշրջափակման և Զանգեզուրի միջանցքի թեմային։

«Եթե միջանցք անվանելով ինչ-որ մարդիկ նկատի ունեն տրանսպորտային ուղիներ՝ դա այլ հարց է, բայց եթե միջանցք ասելով մարդիկ նկատի ունեն սուվերենության հետ կապված որևէ հանգամանք, ապա դա բացառվում է։ Մեր քննարկումների հարցերի շրջանակում կարծում եմ` դա զուտ տերմինի խնդիր է»,–ասաց Գրիգորյանը։

Եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքներն այս պահին չեն շարունակվում. Գրիգորյանն ասաց` ինչու

Հարցին, թե ո՞ւմ զորքերն են կանգնած լինելու այդ տարածքում` Գրիգորյանը պատասխանեց, որ զորքեր չեն լինելու։

Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե Ադրբեջանն ի՞նչ տերմին է կիրառում աշխատանքային խմբի հանդիպումների ժամանակ ապաշրջափակման մասին խոսելիս։

«Բոլորը մինչ այս պահը և վստահ եմ` դրանից հետո, խոսույթը, որ օգտագործում են, հունվարի 11-ի հայտարարության տերմիններն են։ Հնարավոր չէ հունվարի 11-ի հայտարարության շրջանակից դուրս գալ ապաշրջափակման մասին խոսելիս»,–ի պատասխան նշեց Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։

Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ։

Հանդիպման արդյունքների հիման վրա կկազմվի 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համաձայնեցված այլ ուղղություններ: