«Չեղած բանի համար». Սերժ Սարգսյանի եղբորորդին ազատ արձակվեց

Խափանման միջոց կիրառված 50 մլն գրավի գումարը դատարանը որոշեց վերադարձնել Սարգսյանին, իսկ նրանից առգրավված ատրճանակը՝ հանձնել ոստիկանությանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ հրապարակեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի գործով դատավճիռը:

«Դատարանը որոշեց Հայկ Ալեքսանդրի Սարգսյանին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով (անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելը) և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով»,- ասաց դատավոր Դանիբեկյանը:

Հայկ Սարգսյանին 235-րդ հոդվածով վերագրված հանցանքը (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) դատարանը համարեց չապացուցված:

Խափանման միջոց կիրառված 50 մլն գրավի գումարը դատարանը որոշեց վերադարձնել Սարգսյանին, իսկ նրանից առգրավված ատրճանակը՝ հանձնել ոստիկանությանը:

«Էս ի՞նչ շնորհք ա»․ Սերժ Սարգսյանը՝ իր և իր ընտանիքի դեմ հարուցված քրգործերի մասին

Դատարանի դահլիճը լքող Հայկ Սարգսյանը լրագրողների հարցին, թե արդյոք սպասելի՞ էր իր համար նման դատավճիռը, արձագանքեց. «Դե, հա, չեղած բանի համար»։ Նա շտապեց հեռանալ դատարանից:

Հիշեցնենք` Հայկ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել 2007թ.–ին կատարված սպանության փորձի համար։

2007թ.–ի ապրիլի 1-ի երեկոյան Երևանի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում, Ալեքսանդր Սարգսյանի տան մոտ հնչած կրակոցից ստացած վնասվածքով հիվանդանոց էր տեղափոխվել Երևանի բնակիչ, 25–ամյա Դավիթ Սիմոնյանը։

«Քենեդուն էլ եմ ես սպանել». Սաշիկ Սարգսյանի որդին չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը

Նույն օրը ոստիկանություն էր ներկայացել նրա ընկեր Արթուր Ղևոնդյանը, ներկայացրել ատրճանակը, որից արձակվել էր կրակոցը, և հայտնել, որ այն գտել է մանկապարտեզի մոտից և անզգուշությամբ կրակել ընկերոջ վրա։

Այս փաստով հարուցված քրեական գործը որոշ ժամանակ անց կարճվել էր` տուժողի հետ հաշտվելու հիմքով, քանի որ Դավիթ Սիմոնյանը բողոք չէր ներկայացրել։

11 տարի անց` 2018 թ.–ի հունիսի 29-ին, Սիմոնյանը դիմում էր ներկայացրել դատախազություն՝  նշելով, որ իրեն կրակել և մարմնական վնասվածքը պատճառել է ոչ թե Ղևոնդյանը, այլ Հայկ Սարգսյանը իրենց տան առաջին հարկում գտնվող թիկնազորի համար նախատեսված սենյակում։

Պրահայի դատարանը հնարավոր է համարել Սերժ Սարգսյանի եղբորորդու արտահանձնումը Հայաստան

Իսկ ընկերը կեղծ ցուցմունք էր տվել, քանի որ Սարգսյանները սպառնացել էին` հակառակ դեպքում երկար չի ապրի։

12 տարի առաջ կարճված քրեական գործը նոր հանգամանքների ի հայտ գալուց հետո վերաբացվել էր։