Armenia-ն նոր ինքնաթիռ է ձեռք բերել ու ընդլայնում է թռիչքների աշխարհագրությունը

Հայաստանում և աշխարհում համաճարակաբանական իրավիճակի բարելավման պես ավիաընկերությունները սկսում են նոր ուղղություններ բացել և կապեր հաստատել նախկին գործընկերների հետ։ Այս համատեքստում ակտիվ աշխատանք է տանում նաև հայկական ավիափոխադրողը։
Sputnik

Armenia ավիաընկերության պարկը համալրվել է նոր Boeing 737-800 օդանավով, և այժմ հայկական ավիափոխադրողը երեք գործող ինքնաթիռ ունի:

Ինչպես դիմավորեցին հայ ծանրորդներին «Զվարթնոց» օդանավակայանում. լուսանկարներ

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Armenia ավիաընկերության մարքեթինգի գծով մենեջեր Նելլի Կոստանդյանը հայտնեց, որ նոր օդանավը թույլ կտա ավելացնել թռիչքների ուղղություններն ու քանակը:

Երեկ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ հայկական փոխադրողի ինքնաթիռի դիմավորման արարողությունը: Այժմ օդանավը հայկական կողմի հաշվեկշռում է ու մի քանի օրվա ընթացքում կսկսի թռիչքներ իրականացնել։

«Ինքնաթիռը համեմատաբար նոր է, ավիացիայի չափանիշներով կարելի է ասել, որ երիտասարդ է։ Մոդելը շատ հարմարավետ է, ունի 180 նստատեղ, որոնցից 168-ը էկոնոմ դասի է (12-ը՝ պրեմիում դասի) և 12 բիզնես դասի»,-ասաց Կոստանդյանը։

Նրա խոսքով՝ թռիչքների ուղղությունների ու հաճախության ավելացման վրա առաջին հերթին ազդում է Հայաստանում ու աշխարհի տարբեր երկրներում համաճարակաբանական իրավիճակի բարելավումը։

Կոստանդյանը նշեց, որ ավիաընկերությունն առաջիկայում նոր ուղղություններ է բացում` հունիսի 12-ից ինքնաթիռները կսկսեն շաբաթական երկու անգամ Երևան-Հուրգադա-Երևան ուղղությամբ չվերթներ իրականացնել:

Հայկական գրանցումով ինքնաթիռի անհետացման իրական պատճառը. անձնակազմը կեղծել է փաստաթղթերը

Այժմ ավիաընկերությունն իրականացնում է շաբաթական 11 կանոնավոր չվերթ դեպի Մոսկվա, 4-ը՝ Թբիլիսի, մեկը՝ Վորոնեժ, մեկը՝ Մինվոդի, ինչպես նաև չարտերային թռիչքներ դեպի Իրան և մի շարք զբոսաշրջային ուղղություններ՝ Հունաստան, Կիպրոս, Խորվաթիա:

Հարցին` ինչ ազդեցություն կունենա հունիսի 1-ից Հայաստանի քաղաքացիների համար Վրաստանի ցամաքային սահմանների բացումը, Կոստանդյանն ընդգծեց, որ թռիչքների քանակի վրա դա չի ազդի:

Ավիաընկերությունը շարունակելու է նշված քանակությամբ Երևան-Թբիլիսի և հակառակ ուղղությամբ չվերթներ իրականացնել։

Հիշեցնենք, որ Armenia ավիաընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին։