Հայ խաղաղապահի «Արա Աբգար» կանչը մարտական տագնապի պատճառ է դարձել Աֆղանստանում

ՀՀ ՊՆ Խաղաղապահ բրիգադի վարժանքների և զորավարժությունների բաժնի պետ, փոխգնդապետ Ռուբեն Պապյանը Խաղաղապահների միջազգային օրվա առթիվ Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է հայ խաղաղապահների ծառայության հետ կապված յուրահատկություններին։
Sputnik

Ռուբեն Պապյանը հանգամանորեն ներկայացրեց հայ խաղաղապահների առաքելությունը Կոսովոյում, Աֆղանստանում, Իրաքում և Լիբանանում։ Նրա հավաստմամբ` նաև խաղաղապահներով են ճանաչում երկիրը, ուստի տվյալ առաքելությանը ՀՀ ՊՆ–ում մոտենում են ամենայն պատասխանատվությամբ և լրջությամբ։ Խաղաղապահ բրիգադի կազմում ընդգրկվելու համար պայմանագրային զինծառայողների համար նախատեսված են խիստ չափորոշիչներ, ընտրության արդյունքում  կարող է անցնել տասից մեկը։ Խաղաղապահների համար նախատեսված է հատուկ տեսական և գործնական պարապմունքներից բաղկացած ծրագիր, որը համապատասխանում է միջազգային չափորոշիչներին։ 

Ռուս զինվորականները «Խաղաղապահի դասեր» են անցկացրել Ասկերանի շրջանում

«Խաղաղապահների ծառայությունը, ինչ խոսք, վտանգավոր է և հայտնի չէ, թե որտեղից կարող է գալ վտանգը, սակայն այդ հանգամանքը հայ խաղաղապահներին  չի վախեցնում, նրանք միշտ բարձր մակարդակով են իրականացրել իրենց առաքելությունը։ Հիշում եմ, օրինակ, Աֆղանստանում տեղաբնակներն ու զինվորականները խնդրում էին, որ հատկապես հայ խաղաղապահների միավորումը շարունակի ծառայությունն այդ երկրում, որովհետև մերոնց շատ էին վստահում։ Այդպես է նաև մյուս տեղերում»,– նշեց ՊՆ ներկայացուցիչը։ 

Ծառայության ընթացքում պատահում են նաև դրամատիկ-ծիծաղաշարժ դեպքեր։ Աֆղանստանում ծառայության ընթացքում հայ զինծառայողը զինավանի տարածքում կանչում է ընկերոջը. «Արա Աբգար»։ Իսկույն տագնապ է հնչում ու աննկարագրելի իրարանցում է սկսվում, քանի որ կարծում են, թե հարձակում է տեղի ունենում «Ալլահ աքբար» գոռալով։

Ռուբեն Պապյանը հաղորդման ընթացքում խոսել է նաև Արցախում կարևոր առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահների մասին` նրանց գործունեությունը գնահատելով շատ բարձր, քանզի հակամարտող կողմերից և ոչ մեկը դժգոհություն չի արտահայտել այդ կապակցությամբ։  

Ռուս խաղաղապահները օգնություն են փոխանցել Մարտակերտի շրջանի հեռավոր գյուղերի բնակիչներին