ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր հայտնել է ավագանու «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների նոր ներկայացուցիչների անունները: Նրանք զբաղեցրել են ավելի վաղ մանդատից հրաժարված անդամների տեղը։
«Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասով՝ տեղեկացնում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանի մանդատը հանձնվել է Քրիստինե Վարդանյանին»,-ասաց Մարությանը նիստի ընթացքում։
Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության քարտուղար է դարձել Մարկոս Հարությունյանը։
Բացի այդ, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Աննա Ջավախյանի և Էդգար Բարսեղյանի մանդատները ստացել են Վիլեն Գաֆեսճյանն ու Նարեկ Պետրոսյանը։
Պետրոսյանը չի ներկայացել նիստին, ավելին, նա քաղաքապետարանին տեղեկացրել է, որ վայր է դնում իր լիազորությունները։