Եթե Տիգրանաշեն գյուղը տան, Հայաստանը բաժանվելու է 2 մասի. փորձագետ

Հայաստանի սահմանին տեղի ունեցող դեպքերը, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի խոսքով, ապացուցում են, որ Ադրբեջանը փորձում է իր վերահսկողության տակ առնել իր նվաճողական ծրագրի համար կարևոր ռազմավարական բարձունքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. Համացանցում հրապարակված փաստաթղթով, որի իսկությունն արդեն հաստատել է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանը փորձում է ամբողջովին շրջափակման մեջ վերցնել Հայաստանը։ Այս մասին այսօր Հայաստանի ինքնապաշտպանության կոմիտեի հրավիրած հանրահավաքում հայտարարեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

Եթե Տիգրանաշեն գյուղը տան, Հայաստանը բաժանվելու է 2 մասի. փորձագետ

«Կտրել են Գորիսից Կապան ճանապարհը։ Ցանկացած պահի կարող են փակել։ Փորձում են երկրորդ ճանապարհ բացել դեպի Նախիջևան` Բերձոր–Գորիս–Սիսիան–Նախիջևան»,– ասաց Նահապետյանը։

Նրա խոսքով` վերջին օրերի սահմանային դեպքերը հենց այս համատեքստում են մեկնաբանվում, երբ Ադրբեջանը վերահսկողության տակ է առնում այդ ծրագրի իրագործման համար կարևոր ռազմավարական բարձունքները։

Իսկ եթե իրականությանը համապատասխանում են նաև Տավուշի 5 գյուղերի հանձնման մասին հնարավոր պայմանավորվածության մասին լուրերը, ապա, ըստ Նահապետյանի, Ադրբեջանն այդկերպ կտրում է Հայաստանից Վրաստան գնացող միջպետական ճանապարհը։

«Եթե վերադարձվի Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը, ապա Հայաստանն ուղղակիորեն բաժանվում է 2 մասի։ Սա պայմանագիր է, որով մեր լինելությունն ամբողջովին վտանգվում է։ Եվ մենք ամբողջովին տրվելու ենք Թուրքիայի ազդեցությանը»,–ասաց Նահապետյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան` Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, մայիսի 19–ին Facebook–ում գրել էր, որ ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք նոր հայտարարության փաստաթղթի ձևակերպման աշխատանքը։

Մինչև նոր փաստաթղթի քննարկումները ադրբեջանցիները պետք է լքեն ՀՀ տարածքը. Արմեն Գրիգորյան

Նրա խոսքով` այդ փաստաթղթում դիվանագիտորեն, գեղեցիկ ձևակերպումներով, ըստ էության, ձևակերպվում է նոր դեմարկացիան՝ Հայաստանի համար աղետալի հետևանքներով։

Ըստ Մինասյանի` դեմարկացիան հիմնված է լինելու երեք սկզբունքի հիման վրա՝ ԽՍՀՄ քարտեզների, աշխարհագրական նպատակահարմարության և այդ պահին եղած իրական պատկերի։ Սրա հետևանքով, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը քննարկման առարկա է դարձրել Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղն Ադրբեջանին հանձնելը։

Իսկ մայիսի 20–ին կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չժխտեց, որ նման փաստաթուղթ գոյություն ունի, այլև հայտարարեց, որ պատրաստվում է ստորագրել այն։

Փաշինյանը վստահեցրեց, սակայն, որ չկա և չի կարող լինել ոչ մի գաղտնի հավելված։ Նա նշեց` փաստաթղթի վերևի հատվածում գրված է «Հավելված», քանի որ դա կամ վրիպակ է` պետք է գրված լիներ «Նախագիծ», կամ էլ դա առաջարկ է` այն դիտարկել որպես նոյեմբերի 9-ի հայտարարության հավելված։