«Անգամ ոսկեղենը չենք վերցրել...». Գրիգորյանների ընտանիքը 2 անգամ է փախել պատերազմից

Հադրութի շրջանի Ազոխ գյուղի բնակիչները կարծում էին, որ իրենց ընդամենը մի քանի օրով են տարհանում, ինչպես 2016թ.-ի ապրիլին, և իրենց հետ ոչինչ չեն վերցրել, անգամ ոսկեղենը։
Sputnik

Պատերազմից փրկված Գրիգորյանների ընտանիքը վերջերս է ՀայաստանիցԱրցախ վերադարձել, բայց սեփական բնակարան ստանալու հեռանկարը նրանց ավելի քան մշուշոտ է թվում։

Երկու անգամ տարհանվածները

Սուսաննա Գրիգորյանը պատերազմից առաջ ընտանիքի հետ (ամուսինը, որդին, հարսն ու 3 տարեկան թոռը) ապրում էր Հադրութի շրջանի Ազոխ գյուղում։

Օրեր են, կմթնեն, անց կկենան. Արցախի Սարգսաշեն գյուղի բնակիչը ո՛չ տուն ունի, ո՛չ գնալու տեղ

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը, և արդեն հոկտեմբերի 5-ին կանայք ու երեխաները հեռացան գյուղից։ Մեկ շաբաթ անց Ազոխը ստիպված լքեցին նաև մյուսները։ Հոկտեմբերի 17-ին գյուղը ադրբեջանական վերահսկողության տակ անցավ։ Հատկանշական է, որ գյուղի բնակիչների մեծ մասը գյուղից հեռացել է` վստահ լինելով, որ մի քանի օր անց վերադառնալու է (ինչպես 2016թ.-ի ապրիլին)։

«Ոչինչ չենք վերցրել հետներս, ոչ փաստաթուղթ, ոչ բան։ Թողել ենք ոսկեղենը, թանկարժեք իրերը, դիպլոմները, երեխայի ծննդյան վկայականն ու տան սեփականության վկայականը։ Նաև 80 հավ, մի քանի խոզ։ Պատերազմից առաջ վարկ վերցրինք, վերանորոգեցինք տունը և որդուս հարսանիքն արեցինք»,-ասում է Սուսաննան և խնդրում, որ չլուսանկարենք իրեն։

Նրա որդուն (բանակում բուժակ է) վերջին անգամ հաջողվել է լինել Ազոխում, երբ այնտեղ հոսպիտալ էր տեղակայված։ Իր խոզերից մի քանիսը մորթել է և միսը փոխանցել զինվորականներին։ Հասցրել է նաև որոշ հագուստ ու մի քանի ներքնակ տանել նրանց։ Ուրիշ ոչինչ։

Այդ ընթացքում ընտանիքը տեղափոխվեց Ավետարանոց գյուղ, որտեղ ապրում էր դուստրը ամուսնու և 1.5 տարեկան որդու հետ։ Բայց ադրբեջանական զորքերը մոտեցան, և ընտանիքը ստիպված եղավ այնտեղից ևս հեռանալ, այս անգամ՝ Հայաստան։

Սուսաննայի փեսան որպես պահեստազորային մնաց գյուղը պաշտպանելու։ Հոկտեմբերի 26-ին «Սմերչի» ռմբակոծության հետևանքով նա մահացու վնասվածք ստացավ։

Կյանքն անհայտության մեջ

Յոթ ամիս Սուսաննան և նրա հարազատները ապրեցին Արագածոտնի մարզի Դավթաշեն գյուղում։ Ապրիլի կեսերին վերադարձան Արցախ, բնակություն հաստատեցին Մարտունի քաղաքում, որտեղ պետությունը նրանց համար բնակարան է վարձել։

Սուսաննայի հարսը՝ Աստղիկ Հովհաննիսյանը, ասում է, որ ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ Ազոխի բնակիչների համար պետք է նոր թաղամաս կառուցեն Ասկերանի շրջանի Նորագյուղ գյուղում։ Բայց առայժմ հստակ ոչինչ չեն խոստացել։

«Անգամ ոսկեղենը չենք վերցրել...». Գրիգորյանների ընտանիքը 2 անգամ է փախել պատերազմից

Իշխանությունները պատրաստ են վարձը վճարել մինչև այս տարվա դեկտեմբեր։ Բացի այդ, ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար ամսական 8 հազար դրամ են հատկացնում (մինչև հունիսի վերջ)։ Խոսակցություններ կան, որ օգնությունը ևս 4 ամսով երկարաձգելու են, բայց դա նույնպես առայժմ պաշտոնական չէ։

Սուսաննայի ամուսինը՝ Բենիկ Գրիգորյանը, գրանցում ունի, բայց չգիտես ինչու պետությունից որպես տարհանված անձ օգնություն չի ստանում։ Պետական օգնությունից բացի, երկու անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքը (ամուսնու մահից հետո նրանց են միացել Սուսաննայի դուստրն ու նրա երեխան) ապահովում է որդին. նա շարունակում է ծառայել բանակում։

«Անգամ ոսկեղենը չենք վերցրել...». Գրիգորյանների ընտանիքը 2 անգամ է փախել պատերազմից

Ինքը՝ Սուսաննան, պատերազմից առաջ 10 տարի խոհարար է աշխատել զորամասում, աշխատում է նաև տնամերձ տնտեսությունում՝ լոլիկ, լոբի ու կարտոֆիլ է աճեցնում։

Ընտանիքը կամաց-կամաց տեղավորվում է, բայց դեռևս ամենասովորական իրերի, օրինակ՝ սառնարանի (եղածը լավ չի աշխատում) և երկու մահճակալի կարիք ունի։ 

Ընդհանուր առմամբ Մարտունիում հիմա ավելի քան 54 փախստական կա Շուշիից, Հադրութից, Մարտունու գրավված մասից և այլ շրջաններից։ Բացի այդ, մարդկանց մի մասը դեռ շարունակում են մնալ Հայաստանում։