«Եթե մեռնեմ, իմացիր` քեզ կյանքիցս շատ եմ սիրել»․ Սամվելի սիրած աղջիկը կռվից հետո գիրք գրեց

Արցախյան վերջին պատերազմը հազարավոր սերեր կիսատ թողեց․ դրանցից մեկն Աննայի և Սամվելի սիրո պատմությունն է, որը պատերազմից հետո գիրք է դարձել։  Գրքի վաճառքից ստացված հասույթը փոխանցվում է վիրավոր զինվորների բուժմանը։
Sputnik

«Կապուտաչյա հերոսը»․ այսպես է կոչվում 20-ամյա Աննա Մկրտչյանի գիրքը, որն աղջիկը գրել է 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։ Այն ոչ միայն Արցախում զոհված սիրելիի՝ 20-ամյա Սամվել Գևորգյանի մասին է, այլ նաև այն երազանքների, որոնք ընդհատեց պատերազմը։

«Եթե մեռնեմ, իմացիր` քեզ կյանքիցս շատ եմ սիրել»․ Սամվելի սիրած աղջիկը կռվից հետո գիրք գրեց

Ծանոթացել էին 2018 թվականին։ Նրանց կապել էր միևնույն մասնագիտությունը՝ ծրագրավորումը։ Աննան ու Սամվելը շատ նպատակներ ունեին. ուզում էին իրենց  ծրագրավորման ընկերություն հիմնել, անգամ անունն էին որոշել։

«Եթե մեռնեմ, իմացիր` քեզ կյանքիցս շատ եմ սիրել»․ Սամվելի սիրած աղջիկը կռվից հետո գիրք գրեց

Կապուտաչյա Սամվելը նման չէր իր հասակակիցներին. տարբերվում էր իր ինտելեկտով ու հասուն մտածելակերպով։

«Երբ ծանոթացանք, մտածում էի` Սամվելը երևի ինձնից մեծ է, քանի որ շատ խելացի էր ու գրեթե ամեն ինչ գիտեր ծրագրավորման մասին։ Ինքնուրույն էր սովորել, ինձ էլ էր օգնում, սովորեցնում, որ համալսարան ընդունվեմ։ Նմանություններ շատ ունեինք. իրար կես բառից հասկանում էինք»,-հիշում է Աննան։

Սամվելը 2019 թվականի հունվարի 22–ին էր զորակոչվել  բանակ։ 6 ամիս Լուսակերտում ծառայելուց հետո քննություն էր հանձնել, կրտսեր սերժանտի կոչում ստացել ու գնացել Արցախ՝ ծառայությունը շարունակելու Մարտակերտում։

«Եթե մեռնեմ, իմացիր` քեզ կյանքիցս շատ եմ սիրել»․ Սամվելի սիրած աղջիկը կռվից հետո գիրք գրեց

Աննայի խոսքով` թե՛ ինքը, թե՛ Սամվելի ծնողները շատ են ուզել, որ տղան ծառայությունը շարունակի տեղեկատվական տեխնոլոգիաների գծով. բոլոր շանսերն ունեցել է հաջող քննություն տալու համար, սակայն չի համաձայնել, ասել է՝ ես չեմ ուզում գնալ բանակ ու համակարգչի առաջ նստել. դա ծառայություն չի լինի։ Փոխարենը շատ է ուրախացել, երբ իրեն Լուսակերտից տեղափոխել են Մարտակերտ։

«Եթե մեռնեմ, իմացիր` քեզ կյանքիցս շատ եմ սիրել»․ Սամվելի սիրած աղջիկը կռվից հետո գիրք գրեց

Մինչև 44-օրյա պատերազմը Սամվելը մասնակցել է նաև Տավուշի հուլիսյան մարտերին, 10 օր դիրք է պահել, բայց այդ մասին պատմել է մարտերի ավարտից հետո միայն։

Նկարս եմ բերել, որ միշտ հիշեք ձեր գժուկին. սահմանին զոհված Աշոտը երազում էր գեներալ դառնալ

«Հուլիսյան մարտերից հետո զգում էր, որ լայնամասշտաբ պատերազմ է լինելու, ինձ ասում էր՝ ինչ էլ լինի, հողը պետք է պահել»,-պատմում է աղջիկը։

Արցախյան վերջին պատերազմը սկսվելուց հետո Սամվելը 2 օր չի զանգել. լուր չեն ունեցել, հետո սկսել է ամեն օր զանգել, մի քանի բառ ասել ու անջատել։

«Սեպտեմբերի 27-ին ինձ և իր մայրիկին հաղորդագրություն էր գրել,- ասում է Աննան ու հուզմունքը սեղմում է կոկորդը,–մայրիկին գրել էր՝ մամ ջան, քեզ շատ եմ սիրում, մի գրամ արցունք չթափես, իսկ ինձ․․․»։

Աղջիկը դողացող մատներով գրպանից հանում է հեռախոսն ու մեկնում դեպի ինձ։ Սամվելի նամակն եմ կարդում․ «Եթե մեռնեմ, իմացիր` քեզ կյանքիցս շատ եմ սիրել»։

Սամվելը  զոհվել է Մատաղիսի դիրքերում ԱԹՍ-ի հարվածից, հոկտեմբերի 8-ին, իր ծննդյան նախօրեին։

«Հոկտեմբերի 8-ին չզանգեց ո՛չ ինձ, ո՛չ ծնողներին, բայց մի տեսակ հանգիստ էի։ Նրա ծննդյան օրը՝ հոկտեմբերի 9-ին, բոլոր հարազատները  հավաքվել էին Սամվելենց տանը, որ նրա ծնունդը նշեն։ Ես աշխատանքի էի, ուշ էի վերջացնելու․․․։ Սամվելի հայրը չի ուզել առանց որդու ձայնը լսելու նրա կենացը խմել ու  ծնունդը շնորհավորել։ Զանգահարել են  հրամանատարին, հեռախոսը վերցրել է ու ասել, որ Սամվելը էլ չկա»,- դողացող ձայնով ասում է Աննան։

Սամվելի ծնողները չեն կարողացել լուրն անձամբ Աննային հայտնել ու ոչ մեկը չի կարողացել։

«Կեսգիշեր էր, որ պառկեցի քնելու, բայց չկարողացա։ Ժամը 2-ն էր արդեն, վերցրի հեռախոսս, տեսա զանգ չկա, Facebook-ի էջս բացեցի, առաջինը Սամվելի նկարը բերեց. զինվորականներին վերաբերող խմբում լուսանկարն էին հրապարակել ու ցավակցական խոսքեր գրել»,-ասում է Աննան։

Աղջիկը սիրած տղայի զոհվելուց հետո երկար ժամանակ չի կարողանում ուշքի գալ, հետո որոշում է նամակներ գրել Սամվելին, գրել այն խոսքերը, որոնք անպայման պիտի շատ բարձր հնչեին, եթե միայն պատերազմը դրանք չընդհատեր։

«Եթե մեռնեմ, իմացիր` քեզ կյանքիցս շատ եմ սիրել»․ Սամվելի սիրած աղջիկը կռվից հետո գիրք գրեց

Հետո Աննան որոշում է այդ նամակներից գիրք կազմել։

«Սկզբում գրում էի ինձ համար, որ հանգստանայի, բայց ի սկզբանե արդեն զգացողություն ունեի, որ այն գիրք է դառնալու։ Անգամ գրքի կազմի նկարն էի որոշել։Ուզում  եմ, որ այս գրքի միջոցով մարդիկ Սամվելին ճանաչեն ու վառ պահեն նրա ու մյուս զոհերի հիշատակը»,-ասում է նա։

«Եթե մեռնեմ, իմացիր` քեզ կյանքիցս շատ եմ սիրել»․ Սամվելի սիրած աղջիկը կռվից հետո գիրք գրեց

Աննան սեփական փորձով գիտի, որ ժամանակի ընթացքում վիշտը չի հաղթահարվում, չի մոռացվում, բայց մարդը սովորում է դրա հետ ապրել։

«Ինքը սաղիս տուն բերեց, բայց հետ չեկավ»․ կապիտան Անվախ Աշոտին տանը դեռ սպասում են

«Ես չեմ կարող բառեր գտնել, որպեսզի դրանցով մխիթարեմ  նրանց, ովքեր պատերազմում որդի, եղբայր, ամուսին, հարազատ կամ  սիրած էակ են կորցրել։ Ես ինքս ինձ համար բառ չեմ գտել։ Ուղղակի մեր պարտքն է զոհվածների հիշատակը վառ պահել  ու մեր ուսումով, աշխատանքով շենացնել մեր երկիրը։ Վստահ եմ` տղերքն ամեն ինչ տեսնում են»,-ասում է Աննան։

Աղջիկը մինչ օրս այցելում է Սամվելի ծնողներին, գրքի առաջին օրինակն էլ հենց նրանց է նվիրել,  ասում է` ինչքան էլ ծանր է, հույս ունի` կարդացել են կամ կկարդան։ Դա էլ Սամվելի հիշատակը վառ պահելու նրա տարբերակն է։

«Ուզում էի իմ երգով ուժ տալ զոհվածների ծնողներին». ի՞նչ է խոստացել Սոնան վիրավոր տղաներին