Հայտնի է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածուի անունը. Սերժ Սարգսյանը չկա ցուցակում

Սերժ Սարգսյանը նշում է, որ չի հավակնում այլևս պետական որևէ բարձր պաշտոնի և միայն խորհուրդներով է պատրաստ օգնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի- Sputnik. «Պատիվ ունեմ»դաշինքի առաջին համարն առաջիկա ընտրություններում կլինի «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Վերջինիս այդպես ներկայացրին այսօր Հայաստանի հանրապետական և «Հայրենիք» կուսակցությունների միջև հուշագիր ստորագրելու ժամանակ։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցուցակում չկա։

Վանեցյանը ժամանակին գիտակցեց շնագայլերի էությունը. Սերժ Սարգսյանը` դաշինք կազմելու մասին

«Ցուցակում չլինելը չի նշանակում ընտրություններին չմասնակցել։ Նրանք, ովքեր գլխավորել գլխավորում են նախընտրական ցուցակները, հավակնում են պետական բարձր պաշտոններ ունենալ։ Իսկ ես հայտարարել եմ` ես այլևս չեմ զբաղեցնելու պետական բարձր պաշտոն, այլ իմ խորհուրդներով օգնելու եմ, եթե դրա անհրաժեշտությունը լինի»,–ասաց Սարգսյանը։

Նա նշեց, որ կարծում է` ավարտել է իր ծառայությունը Հայաստանի և հայ ժողովրդի համար պետական բարձր պաշտոնում։

Հարցին, թե ճի՞շտ է, որ Սարգսյանն ինքն է կազմում ցուցակները` վերջինս հորդորեց նման պրովոկացիոն լուրերի չհավատալ։ Սարգսյանը վստահեցրեց` «Հայրենիք» կուսակցության հետ հավասար դաշնակիցներ են։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Հայաստանում նախատեսված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Սերժ Սարգսյանի և Քոչարյանի շահերից է բխում, որ ՀԱԿ-ը մասնակցի ընտրություններին․ «Հրապարակ»