ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Այսօր` ժամը 14։00-ի դրությամբ, Սիսիանում արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 370 դեպք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Այս պահին հիվանդանոցում բուժվում է 7 պացիենտ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ նախարարության` նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Մյուս բնակիչները բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:
Խմելու ջրի և հիվանդների կենսանմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մայիսի 11-ին վերցված ջրի նմուշները, ըստ մանրէաբանական ցուցանիշների, չեն համապատասխանում խմելու ջրին ներկայացվող պահանջներին, իսկ պացիենտների կենսանմուշներում հայտնաբերվել են աղիքային ախտածին տարբեր հարուցիչներ (այդ թվում` բակտերիաներ՝ Էնտերոախտածին աղիքային ցուպիկ, Յերսինիա էնտերոկոլիտիկա և կամպիլոբակտեր, ինչպես նաև վիրուսներ՝ Նորովիրուս և Ադենովիրուս), ինչը բնորոշ է աղիքային վարակիչ հիվանդությունների ջրային գորոծոնով պայմանավորված բռնկումներին:
Հիշեցնենք` երեկ Սիսիանում արձանագրվել էր աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 296 դեպք։
«Ոնց որ ադրբեջանցիները գան, Սիսիանի կենտրոնում ապրեն». ջուրը թունավորելը բացառվո՞ւմ է