Արդյո՞ք սփյուռքից մասնագետների կարելի է հրավիրել Հայաստան։ Կարելի է և անհրաժեշտ է, սակայն ոչ խնջույքների և կենացների համար։ Այս կարծիքին է տնտեսական գիտությունների դոկտոր Սերգեյ Քալենջյանը։ Նա Ռուսաստանում կառավարման տեսության առաջատար մասնագետներից է, ՌԴ նախագահին առընթեր Ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոցի տնօրենը։
Դեռ 1980-ականների վերջին Քալենջյանն աշխատում էր Հայաստանի օգնության փորձագիտական հանձնաժողովում, որը գլխավորում էր ակադեմիկոս Աբել Աղանբեկյանը։
Քալենջյանը կազմում էր Հայաստանում բիզնես–դպրոցի հիմնադրման նախագիծը, որը կօգներ տեղի ձեռնարկություններին հաջողությամբ անցնել կառավարման նոր մոդելի (որն այն ժամանակ տնտեսահաշվարկային էին կոչում)։ Այն ժամանակ դա իրականացնել չհաջողվեց, սակայն հետագա տարիներին հայկական բուհերի հետ համագործակցություն հաստատվեց։
ՌԴ նախագահին առընթեր Ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիան ՀՀ նախագահին առընթեր պետական կառավարման ակադեմիայի ու Հայ-ռուսական համալսարանի հետ համագործակցության պայմանագիր ստորագրեց։ Ժամանակ առ ժամանակ Հայաստանից մասնագետներ են մեկնում Մոսկվա ուսանելու, բայց կանոնավոր ծրագրեր դրա համար դեռևս չկան։
Մոսկվայում Աղանբեկյանի ղեկավարությամբ նմանատիպ բիզնես–դպրոցը սկսեց աշխատանքները ձեռնարկություններում կառավարման նոր հմտություններ ներդնելու ուղղությամբ։ Դպրոցը Ռուսաստանի և հետխորհրդային երկրների պայմաններին հարմարեցված տասնյակ աշխատություններ և դասագրքեր հրապարակեց։
«Ռուսաստանից բացի, ղազախական ավելի քան 500 ընկերությունների ղեկավարներ դասընթացներ են անցել մեզ մոտ։ Ուզում ենք գործն առաջ տանել նաև Հայաստանում, Բելառուսում և Ղրղզստանում, առավել ևս որ այդ երեք երկրներից շրջանավարտներ ունենք», – հավելեց Քալենջյանը։
Այն ժամանակ ձեռնարկություններում լայնածավալ վերազինում էր ընթանում` կապված անձնակազմի կրճատման հետ։ Բայց Քալենջյանն ու գործընկերներն առաջարկում էին նախ աշխատակիցների համար զբաղվածության այլընտրանքային հնարավորություններ ստեղծել, երկրորդ` հնարավորինս լիարժեք օգտագործել յուրաքանչյուրի ունակությունները։ Նրա խոսքով` հետխորհրդային բիզնեսում դա հաճախ պակասում էր։
Մեխով հնարք՝ 200 դոլարի դիմաց, կամ ֆիզիկա սովորեք. հայկական հայթեք-բիզնեսի ծրագրերը
«Այստեղ գերիշխում է «я начальник – ты дурак, ты начальник – я дурак» (ես եմ ղեկավարը` հիմարը դու ես, դու ես ղեկավարը` հիմարը ես եմ) մոտեցումը։ Թող ներեն ինձ մեր ընթերցողներն այս արտահայտության համար, բայց այն շատ ճիշտ է արտացոլում իրականությունը։ Իսկ մենք այլ մոտեցում ենք առաջարկում։ Յուրաքանչյուր աշխատող իր տեղում առաջին մարդն է։ Իր գործում նա պետք է ավելի կոմպետենտ լինի, քան ղեկավարը, և նրա գիտելիքները պետք է օգնեն խնդիրների լուծման հարցում»,– ընդգծում է Քալենջյանը։
Նա հավելում է, որ յուրաքանչյուրի տաղանդը բացահայտելով` հնարավոր է հասկանալ այն պարադոքսը, երբ հայ մասնագետները այստեղ մնալով որպես մասնագետ չեն աճում, իսկ արտերկիր մեկնելով ճանաչված են դառնում։
«Չինական տնտեսության տրանսֆորմացիայի ժամանակ ես եղա ՉԺՀ տասնյակ համալսարաններում։ Այնտեղ գիտնականներից շատերը ուսանել էին Հյուսիսային Ամերիկայի լավագույն համալսարաններում։ Բայց կա մի «բայց». դրանից հետո գրեթե բոլորը հայրենիք էին վերադարձել։ Այդպես մասնագետների քանակը որակի է վերածվում։ Իսկ կառավարման տարբեր ոճերը` ավանդական և արևմտյան, շատ հետաքրքիր կոմբինացի են տալիս։ Հայաստանում կարելի է նման արդյունք ստանալ, բավական է միայն փոխել մարդկանց հետ փոխգործակցության ձևն ու բացահայտել նրանց մեջ թաքնված պոտենցիալը»,– հավելեց նա։
Քալենջյանը նկատում է, որ ցավոք, Հայաստանի և սփյուռքի փոխգործակցությունը հասնում է ինչ-որ կետի, որից հետո սկսում է արգելակվել։ Ռուսաստանում, Ղազախստանում, Մոնղոլիայում (որտեղ Աղանբեկյանը ևս աշխատել է) իրենց մասնագետների առաջարկները սկսել են ներդրվել, իսկ Հայաստանում չգիտես ինչու` ոչ։
«Ես միշտ դեմ եմ եղել այն սովորույթին, որ սփյուռքից եկած մասնագետների հանդիպումները վերածվում են բանկետների և կենացների շարքի, որոնց հետևում ոչինչ չկա։ Դա անցած փուլ է։ Այսօր մասնագետներն այցելում են ոչ այդ նպատակով, այլ որպեսզի կոնկրետ նախագծեր իրականացնեն», – հավելեց նա։
Ինքը` Քալենջյանը, արդեն մի քանի արդյունաբերական ձեռնարկությունների, ինչպես նաև ՀԱՊԿ Ռուսաստանի տարածաշրջանային ակադեմիայի ղեկավար Արթուր Բաղդասարյանի հետ քննարկումներ է ունեցել։
«Մենք ուզում ենք մոդուլային սկզբունքով մեր մշակումները ներդնել այդ բուհի ուսումնական ծրագրերում։ Համագործակցության հարցում պատրաստակամություն և գործարար մոտեցում կա», – ասաց նա։
Ի՞նչ դեր են ունեցել Փարաջանովն ու մյուս հայերը Իտալիայի պատմության մեջ
Այս ծրագրերը տեսական վարժություններ չեն միայն։ 1980-ականների վերջին Աղանբեկյանը, ինչպես նաև Միքայել Մկրտչյանը (Հայկական ԽՍՀ պետպլանի նախագահ) Հայաստանի և Արցախի զարգացման համատեղ ծրագիր էին կազմել` ինտեգրված կառավարման համակարգով։ Տնտեսագետներին օգնում էին նաև այլ ոլորտի գիտնականներ. հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում էր հայտնի քիմիկոս Նիկոլայ Սերգեյի Ենիկոլոպովը, որը հիմնավորում էր Խորհրդային Հայաստանի քիմիական արդյունաբերության, մասնավորապես` «Նաիրիտի» (այն ժամանակվա համար բացառիկ գործարանային համալիրի) կարևորությունը։ Ցավոք, ոչ կոմպետենտ որոշումները (և՛ այն ժամանակ, և՛ հետագայում) շատ բաներ փոշիացրին։ Կրկին նման բան թույլ տալ չի կարելի։ Եթե աշխատենք հին ձևով` մեզ բոլորից խելացի համարելով, աշխարհին հասնելն ավելի ու ավելի կբարդանա։