Փաշինյանը Քոչարյանի հետ հաշտվելու ցուցում չի տվել. 2 մլն դրամի պահանջը մնում է ուժի մեջ

Քոչարյանը դատարան էր դիմել 2020թ-ի ապրիլի 3-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային արտահայտությունը զրպարտություն որակելով։ Նա դատարանից պահանջել էր պաշտպանել իր պատիվն ու արժանապատվությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր ընթացող Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի դատական գործով դատավոր Ալեքսեյ Սուքոյանը կողմերից հետաքրքրվեց` կան արդյոք հաշտության եզրեր։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը հայտնեց, որ իր վստահորդից նման ցուցում չունի։

ՀՅԴ–ն ու «Վերածնվող Հայաստանը» դաշինք են կազմում, որը կգլխավորի Ռոբերտ Քոչարյանը

ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն էլ հայտարարեց. «Ես եկել եմ այստեղ, որպեսզի ցույց տամ, որ ձեր վստահորդը այդ մտքերն արտահայտելիս որևէ փաստական հիմք չի ունեցել»։

Հիշեցնենք` Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը մարտ ամսին իր ելույթներից մեկում անդրադարձել էր պաշտպանության բյուջեն 2․4 մլրդ դոլարով ավելացնելու խնդրին ու հայտարարել, որ այդ գումարի կեսը՝ 1․2 մլրդը պետք է ապահովվի Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Խաչատրյանի, Գագիկ Բեգլարյանի, Արամ Հարությունյանի թալանածը կոպեկ առ կոպեկ հետ բերելու արդյունքում:

Նշենք, որ դատական նիստին ո՛չ Փաշինյանը, ո՛չ Քոչարյանը չէին ներկայացել։

Փաշինյանի փաստաբանը դատական նիստի ժամանակ Քոչարյանի ներկայացուցչից ճշտեց, թե արդյոք իր վստահորդն այդ հայտարարությունն արել է ժողովրդից թալանված գումարները հետ վերադարձնելու ենթատեքստով, թե դա զուտ Քոչարյանին է վերաբերում, ինչին Ալումյանը պատասխանեց. «Լավ չի, որ մարդն արտահայտվում է այնպես, որ հետո սկսենք մտածել՝ ինչ է նկատի ունեցել»։

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատը հետաձգվեց. հայտնի է պատճառը

Գյոզալյանն էլ Ալումյանին հորդորեց պրոֆեսիոնալ  մոտեցում ցուցաբերել և դատարանում գնահատականներ չհնչեցնել։

Կողմերի դիրքորոշումները լսելուց հետո դատական նիստն ավարտվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 14-ին, ժամը 11։00-ին։

Հիշեցնենք նաև, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարան էր դիմել 2020թ-ի ապրիլի 3-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային արտահայտությունը զրպարտություն որակելով։ Նա դատարանից պահանջել է պաշտպանել իր պատիվն ու արժանապատվությունը: Քոչարյանը դրա դիմաց Փաշինյանից 2 միլիոն դրամ փոխհատուցում է պահանջում: