Պառլամենտական վարչապետի զարմանահրաշ կյանքը. հրաժարական ես տալիս ու շրջանցում մայր օրենքը

Sputnik
Պառլամենտական վարչապետի զարմանահրաշ կյանքը. հրաժարական ես տալիս ու շրջանցում մայր օրենքը

Եկեք անկեղծ լինենք։ Հիրավի երանելի էր Հայաստանի վարչապետների կյանքն առաջ, երբ դեռ կիսանախագահական հանրապետություն էինք։ Ո՞ւմ էր քննադատում հավերժ դժգոհ մեր ժողովուրդը՝ իհարկե, միայն նախագահին։ Վարչապետ կարծես թե ընդհանրապես գոյություն չուներ, ինչպես, օրինակ, Ամերիկայի միացյալ նահանգներում կամ Արցախում։

Ամեն ինչ կտրուկ փոխվեց, երբ, չգիտես ինչու, որոշեցինք դառնալ պառլամենտական հանրապետություն։ Հենց որ վարչապետ դարձավ այն մարդը, որը մինչ այդ երկու անգամ պաշտոնավարել էր որպես նախագահ, միանգամից է՛լ ավելի ու ավելի խրոխտ դարձավ համաժողովրդական «քա՛յլ արա»-ն։ Տեսականորեն նոր վարչապետը կարող էր գլխավորել կառավարությունը մինչև, ասենք, 2040 թվականը, երբ նրա կանխատեսմամբ Հայաստանի բնակչությունը պիտի դառնա 4 միլիոն։ Սակայն ընդամենը մեկ շաբաթից նա ընդունեց իր սխալը, և ի վերջո նրա տեղը զբաղեցրեց ավելի, այսպես ասենք, խոստումնալից գործիչը, որի խոստման համաձայն` 2050 թվականին էլ մենք 5 միլիոն կլինենք։

Էրդողանի խորամանկ ծրագիրը, կամ միջազգային հանրության վրա հույս դնող միամիտներ էլի կան

Սակայն պառլամենտական երկրորդ վարչապետի ճակատագիրն էլ հեշտ չդասավորվեց. Անընդհատ ինչ-որ տարօրինակ քվեարկություններ՝ խորհրդարանում, որոնց պարադոքսալ իմաստը շատ լավ համընկնում է մեր ամենահին կուսակցություններից մեկի մասին տարածված արտահայտության հետ. «Կողմ ըլլալով դեմ ենք»։

Համոզված եմ, դրսում պարզապես չեն հասկանա, թե ինչպես կարելի է դիմել թիմակիցներին և ասել. «Տեսե՛ք հա, հանկարծ ինձ վարչապետ չընտրե՛ք, որովհետև ես ուզում եմ վարչապետ դառնալ»։ Համաձայնեք` մենք՝ հայերս, մեղմ ասած, առեղծվածային ազգ ենք, կարելի է ասել՝ եզակի։ Ա՛յ, բրիտանացիները սովորական ժողովուրդ են։ Չեք հավատա, բայց այնտեղ թագուհին կարող է վարչապետ առաջարկել Մեծ Բրիտանիայի ցանկացած քաղաքացու։ Այո՛-այո՛, այնտեղ չկա օրենք, որում հստակ գրված է, թե ով կարող է դառնալ վարչապետ, և ինչ լիազորություններ ունի վարչապետը։ Ուրեմն զուտ տեսականորեն Եղիսաբեթ Երկրորդը կարող է առաջարկել, որ վարչապետ դառնա, օրինակ, Միստր Բինը։

Ավելին ասեմ, էլի կզարմանաք, բայց էդպիսի պաշտոնական ձևակերպում՝ «կառավարության ղեկավար» կամ «վարչապետ», Մեծ Բրիտանիայում ընդհանրապես գոյություն չունի։ Վարչապետը ոչ պաշտոնական անվանումն է։ Իրականում վարչապետները կարող են ունենալ կամ ունեին մի քանի պաշտոն։ Խոստովանեմ` ինձ այս մեկն է ամենից շատ դուր գալիս՝ Քաղաքացիական ծառայության նախարար, այսինքն` երկրի բոլոր չինովնիկների շեֆ։ Իսկ եթե լինեք Լոնդոնում և գտնեք Դաունինգ սթրիթ 10 հասցեն, որտեղ գտնվում է վարչապետի նստավայրը, կտեսնեք, որ դռան վրա գրված է. «Գանձապետարանի առաջին լորդ»։ Ընդ որում` սա ոչ թե ցուցանակի վրա է գրված, այլ հասարակ փոստարկղի։

​3 տարի առաջ ճիշտ էր այն, ինչը 3 տարի հետո ճիշտ չէ, կամ ինչպես շահել ընտրողների սրտերը​

Բրիտանական սահմանադրությունում էլ վարչապետի մասին բացարձակ ոչինչ գրված չէ։ Շատ ճիշտ եք. ինչպե՞ս կարող է ինչ-որ բան գրված լինել մի փաստաթղթում, որը գոյություն չունի։ Ավելի ճիշտ, Մեծ Բրիտանիան այն փոքրաթիվ պետություններից է, որտեղ կանոնակարգված սահմանադրություն չկա, կան առանձին օրենքներ, և կան ավանդույթներ ու նախադեպեր։ Սակայն ժամանակակից Հայաստանի և Բրիտանիայի տարբերությունը ակնհայտ է։ Եթե մենք նույնիսկ մեր Սահմանադրությունն էլ չենք պահպանում, ապա բրիտանացիները սրբորեն կատարում են հասարակ օրենքները։ Օրինա՞կ եք ուզում։ Խնդրե՛մ։ Վերցնենք ընտրությունները. դա հիմա մեզ մոտ հրատապ թեմա է։

Երկու հեղափոխությունների արանքում. ավելի լավ է պետական պաշտոնյա դառնալ

Մոտ 10 տարի առաջ Մեծ Բրիտանիայում ընդունվեց օրենք, ըստ որի` բոլոր ընտրությունները՝ հերթական, թե արտահերթ, նշանակում է իրենց պառլամենտի ստորին պալատը։ Այսինքն` վարչապետն այլևս ընտրությունների նշանակման հետ որևէ կապ չունի։ Հիմա մի հասարակ հարց՝ ե՞րբ են կայանալու մեր արտահերթ ընտրությունները։ Եթե պնդեք, թե դրանք տեղի են ունենալու հունիսի 20-ին, կուղղեմ երկրորդ հարցը։ Իսկ ո՞վ է ասել։ Ու եթե շատ ճիշտ պատասխանեք՝ վարչապետն է ասել, կհասցեագրեմ ձեզ երրորդ հարցը՝ իսկ որտե՞ղ է ասված, որ Հայաստանի գործող վարչապետը իրավունք ունի նշանակելու արտահերթ ընտրությունների օրը։ Ես սահմանադրությունում միայն մի բան եմ տեսել՝ ընտրությունները նշանակում է Հայաստանի նախագահը։ Եթե գտնեք մեր Սահմանադրությունում կամ օրենքներում այն տողը, որտեղ գրված է, թե արտահերթ ընտրությունների օրը կարող է նշանակել վարչապետը, այն էլ՝ դեռ հրաժարական չտված վարչապետը, խոստանում եմ տանել ձեզ Երևանի այն ռեստորանը, որտեղ ամենահամեղ խինկալին եմ կերել։ Տոլմա՞ եք ուզում, խնդրե՛մ, բայց ռեստորանի անունը դուք ասեք, ես այդ գործում չկամ։

Մի հրաժարականի պատմություն, կամ պատիվը կյանքից թանկ է