ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի - Sputnik. Երիկամային և թոքային անբավարարվածության հետևանքով մահացել է «Մարի Իզմիրլյանի անվան մանկատան» 19-ամյա մի աղջիկ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը։
«Աղջիկն ի ծնե տուբերոսկլերոզ է ունեցել։ Սա հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որի հետևանքով ախտահարվում են թոքերն ու երիկամները, ինչը նաև այս դեպքում է եղել։ Բացի այդ, աղջկա մոտ էպիլեպսիա է եղել և այլ հիվանդություններ, որոնց մասին ընտանիքը պարբերաբար տեղեկացվել է»,–ասաց Մանուչարյանը։
Նա հայտնեց նաև, որ աղջկա մայրը, երբ երեխային խնամքի կենտրոն է բերել, ասել է, որ նման քայլի է դիմում, քանի որ երեխան ի ծնե հիվանդ է։
Մանուչարյանի խոսքով` աղջիկը տեղափոխվել էր բժշկական կենտրոն, և շուրջ մեկ շաբաթ եղել վերակենդանացման բաժանմունքում։ Այդ օրերին աղջկան տեսակցել են մայրը և նրա հարազատները, որոնք հիվանդության ընթացքի մասին տեղյակ են եղել։
Ի դեպ, դեպքի առնչությամբ ոստիկանությանն արդեն տեղյակ են պահել։