Փաշինյանի իրավական խորհրդատուները տառապում են դիլետանտիզմով. փաստաբան

Փաստաբան Միհրան Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Սյունիք կատարած այցին հաջորդած իրավական զարգացումներին, բերման ենթարկվածների հանդեպ կիրառված միջոցների իրավաչափության խնդրին։
Sputnik

Միհրան Պողոսյանի դիտարկմամբ` վերջին երեք տարում տեղի ունեցած նման դեպքերի առթիվ իշխանությունների կողմից իրականացված գործողությունները զուտ քրեական հետապնդումների համատեքստում շատ հեռու են իրավական լինելուց կամ գնահատվելուց, քանզի ակնհայտ է, որ երկրում կան քրեական գործեր, որոնց նկատմամբ իշխանությունների հետաքրքրությունը խոսում է այն մասին, որ նշված դեպքերի առթիվ օբյեկտիվ քննություն չի կարող լինել. դա տեղավորվում է իշխանության  կողմից եկող քաղաքական պատվերի շրջանակներում։ 

ՀՀԿ–ն հայտարարություն է տարածել և պահանջում է անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին

Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ Սյունիքում տեղի ունեցած իրադարձություններին, ապա Միհրան Պողոսյանը նշեց, որ Փաշինյանն իր շքախմբով այցելել էր Սյունիքի մարզ, որտեղ կան հանրությանը առավելագույն չափով հուզող խնդիրներ, և պատահական չէ, որ տեղի բնակչությունը Նիկոլ Փաշինյանին ընդունում է որպես դավաճան, քանզի նրանք հայրանազրկվել են, իսկ թշնամին հասել է մինչև իրենց տան շեմը։ 

«Փաշինյանը ժամանակին հայտարարեց, որ երկրում կա երեք միլիոն վարչապետ, հետևաբար մոտ երկու հազար վարչապետ երեկ կարծիք էր հայտնում ևս մեկի մասին, ով ներկայանում է որպես վարչապետ։ Այդ ամենին հետևեց Կապանում կայացած փակ խորհրդակցությունը։ Ցավալի է, որ դրան ներկա էին ՀՀ դատախազության և քննչական կոմիտեի մարզային պատասխանատուները, թեև մեր օրենսդրության համաձայն` նշված կառույցները համարվում են անկախ մարմիններ, և այն խղճուկ տեսարանը, որ վերջիններս զեկույցներ էին ներկայացնում Փաշինյանին, իրավաբանության հետ որևէ աղերս չունի»,– նշեց փաստաբանը։

Պողոսյանի համոզմամբ`բերման ենթարկվածների նկատմամբ միանշանակ կիրառվել է ոչ իրավաչափ վերաբերմունք, ինչն արձանագրել են Սյունիքում աշխատող փաստաբանները։ Ըստ նրա` մեր դատախազական և քննչական մարմինները մեծ սիրով պատրաստ են կատարել իշխանությունից եկող բոլոր հրահանգները։

Երևանում ոստիկաններից մեկն ուշագնաց եղավ բողոքի ակցիայի ժամանակ, բերման ենթարկվածներ կան

Փաստաբանի համոզմամբ` Սյունիքում տեղի ունեցածը ոչ թե իրավական, այլ ռեպրեսիվ գործընթաց էր։ Մարզն ամբողջ գիշեր գտնվում էր ոստիկանների շարժի ու տեղապտույտի մեջ։ Պողոսյանը նշեց նաև այն հանգամանքը, որ գործող իշխանության օրոք գտնվում ենք իրավական վակխանալիայի գագաթնակետում, և դրա պատճառը նաև այն է, որ Փաշինյանի իրավական խորհրդատուները տառապում են դիլետանտիզմով։