ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում թունավորումից մահացած 11-ամյա աղջկա ու ընտանիքի մյուս անդամների թունավորման դեպքով քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հատկանիշներով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 19-ին` ժամը 22:26-ին, Գետահովիտ գյուղից նախնական սննդային թունավորում ախտորոշմամբ Տավուշի մարզի Իջևան քաղաքի ԲԿ են տեղափոխվել Գետահովիտ գյուղում բնակվող ընտանիքի 4 անդամներ` 41–ամյա ծնողներն ու 11 և 14 տարեկան երեխաները։ 11 տարեկան աղջիկը հիվանդանոցում մահացել է։
«Նախաքննության ընթացքում կատարվել են բազմաթիվ քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն: Առգրավվել են վերոհիշյալ 4 անձանց ամբուլատոր բժշկական քարտերի բնօրինակները, շտապ բուժօգնության կանչի թերթիկը։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Կատարվել են զննություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածով հարուցված քրգործով հարցաքննվել են մի շարք անձինք։ Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ Գետահովիտի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սուսաննա Չաբուխյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր` մահացած 11-ամյա աղջկա ու ընտանիքի մյուս անդամների թունավորման պատճառը եղել է այգուց հավաքած կանաչին։