Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Հրազդանի կիրճում՝ Հաղթանակ կամրջից մինչև Դավթաշենի կամուրջ հատվածի ամբողջ երկայնքով կազմակերպվել է շաբաթօրյակ: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը` ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ հրապարակելով։
«Հավաքում եմ, որ մաքուր ու սիրուն լինի քաղաքը»,–տեսանյութում ասում է մի փոքրիկ։
Աղբը հավաքող երևանցիները նշում են`այնքան շատ աղբ կա, որ մեկի տակից մյուսն է երևում։
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանն էլ իր հերթին ասում է` տարածքում կուտակվել է մեծաքանակ աղբ, որը, ցավոք, չեն կարող մեկ օրում հավաքել։ «Կարծում եմ, որ պետք է մեր քաղաքացիներն ավելի հոգատար լինեն քաղաքի հանդեպ: Այստեղ լուրջ խնդիր ունենք տարածքի տնտեսվարողների հետ կապված»,-ասում է նա։
Տարածքի մաքրման աշխատանքներին մասնակցել են «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» և «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» հիմնարկների ավելի քան 550 աշխատակիցներ, երևանցիներ, քաղաքապետարանի աշխատակիցներ, Երևանի ավագանու անդամներ: