Տեղի է ունեցել դժբախտ պատահար. պաշտպանը` Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությամբ վթարի մասին

Սիմոն Մարտիրոսյանի փաստաբանը խոստանում է առաջիկայում տեղեկատվություն տրամադրել քրգործի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի - Sputnik. Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությամբ վրաերթը դժբախտ պատահար է։ Facebook–ի իր էջում նման գրառում է արել Մարտիրոսյանի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը` հայտնելով, որ փաստաբան Ռուբեն Բալոյանի հետ համատեղ ստանձնելու են Մարտիրոսյանի պաշտպանությունը։

Ողբերգական դեպքից հետո Սիմոն Մարտիրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել

Ապրիլի 12-ին, ժամը 22։30-ի սահմանում Սիմոն Մարտիրոսյանն իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Երևան մոլ» առևտրի կենտրոնի դիմացի ճանապարհահատվածում (որտեղով չի թույլատրվում անցնել հետիոտներին) վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 1993թ․ ծնված Կամո Ամիրխանյանին։ Վերջինս մահացել է հիվանդանոցի ճանապարհին։

«Տեղի է ունեցել դժբախտ պատահար, ինչից ավտոմեքենայի ղեկին գտնվող որևէ մեկս ապահովագրված չի կարող լինել»,–գրել է Ասլանյանը։

Մահացու վրաերթ Երևանում. մեքենայի ղեկին ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանն է եղել

Նա նաև նշել է, որ այս պահին դեպքի առնչությամբ հնչող առանձին հարցերին պատասխանել չեն կարող, սակայն խոստանում են առաջիկայում որևէ ձևաչափով ընդհանուր տեղեկատվություն տրամադրել՝ քրեական գործով նախաքննության շահերը հաշվի առնելով։

Հիշեցնենք, որ Սիմոն Մարտիրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։