Օրեր առաջ ՀՀ քաղաքացիություն ստացավ․ մահացել է Վարդան Գրեգորյանը

Ականավոր հայը կարծում էր, որ ժամանակն է օտար երկրներում ներդրումներ անելու և դրանք շենացնելու փոխարեն ուշադրություն դեպի հայրենիք ուղղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի- Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել սփյուռքահայ բարերար Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ։

«Թող իմ աղոթքները մեղմացնեն կորստի ցավը». Սարգսյանը ցավակցել է թագավորական ընտանիքին

Նախագահի մամուլի ծառայության տարածած ուղերձում մասնավորապես նշվում է, որ վախճանվել է ամերիկյան ժամանակակից մտքի և հայկական աշխարհի փայլուն դեմքերից մեկը՝ կրթության ու մշակույթի նվիրյալ Վարդան Գրեգորյանը։

«Վարդան Գրեգորյանը, ում օրեր առաջ և հենց իր ծննդյան օրը՝ ապրիլի 8-ին, հանձնվեց ՀՀ քաղաքացիությունը հավաստող անձնագիրը, իր ազգի նվիրյալն էր, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման իսկական մեկենաս, ինչի վկայությունը նրա հայանպաստ հանրային գործունեությունն էր: Մեր անձնական հանդիպումների ու զրույցների, Սփյուռքում տեղի ունեցած բազում միջոցառումների ժամանակ անձամբ եմ առիթ ունեցել համոզվելու դրանում»,- նշված է նախագահի ուղերձում։

Արմեն Սարգսյանը ցավակցություններ է հղել Վարդան Գրեգորյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և նշել, որ կիսում է նրանց ծանր վիշտը:

Նշենք, որ Վարդան Գրեգորյանը ծնվել է 1934 թվականի ապրիլի 8-ին Իրանի Թավրիզ քաղաքում։

«Հայերը ներդրումներ են արել Սինգապուրում, շենացրել են Փարիզը, Վիեննան, ամբողջ աշխարհը, սակայն պատմության ընթացքում անուշադրության ենք մատնել մեր տարածաշրջանը։ Հիմա այլևս սրան արդարացում չկա։ Մենք պետք է ներդրումներ անենք մեր երկրում»․ սրանք Վարդան Գրեգորյանի խոսքերն են։

«Ավրորան» ավելի քան 470.000 ԱՄՆ դոլարի աջակցություն է տրամադրել Արցախի օգնության ծրագրին

Նա Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի նախագահն էր, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրը։ 1981-1989թթ․ զբաղեցրել է Նյու Յորքի հանրային գրադարանի նախագահի պաշտոնը, եղել է Բրաունի համալսարանի առաջին օտարազգի նախագահը, 2004 թվականին արժանացել է ԱՄՆ նախագահի «Ազատության» մեդալին։