Մահացու վրաերթ Երևանում. մեքենայի ղեկին ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանն է եղել

Վրաերթը տեղի է ունեցել «Երևան մոլի» դիմաց։ Հետիոտնը Արշակունյաց պողոտան անցել է չթույլատրելի հատվածով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Երեկ ուշ երեկոյան` ժամը 22:50-ի սահմաններում, մահացու ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանի Արշակունյաց պողոտայում։ Վրաերթի ենթարկողը ծանրամարտի աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Երևանի բնակիչ, 24-ամյա Սիմոն Մարտիրոսյանն է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Ողբերգական ավտովթար` Արտաշատի կամրջի մոտ. 34–ամյա վարորդը տեղում մահացել է

Նա իր վարած «Մերսեդես CLՏ 550» մակնիշի ավտոմեքենայով «Երևան մոլի» դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող մի տղամարդու:  

Սիմոն Մարտիրոսյանը փախուստի չի դիմել, զանգահարել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին բժիշկների հետ տեղափոխել հիվանդանոց, սակայն վրաերթի ենթարկվածը ճանապարհին մահացել է:  

Ոստիկանության տվյալներով էլ` ապրիլի 12-ին, ժամը 22.30-ին Արշակունյաց պողոտայում վրաերթի ենթարկվածը ճանապարհը չթույլատրված հատվածով անցնող 27-ամյա Կամո Ամիրխանյան է, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Շտապօգնություն զանգահարելուց հետո վարորդը զանգահարել է նաև ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն:  

Փաստի առթիվ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ (Ճանապարհային երթևեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը): 

Նշենք, որ Սիմոն Մարտիրոսյանը հենց երեկ էր վերադարձել Մոսկվայից, որտեղ Հայաստանի ծանրամարտի հավաքականը մասնակցում էր Եվրոպայի առաջնությանը։ Նա այդ մրցումներում փոքր ոսկե մեդալ էր շահել։