ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik.Արցախի քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ հատուկ կարևոր գործերի վարչությունում վարույթ է ընդունվել «ՀԱԼՈ թրաստ»-ի կողմից թուրքական հատուկ ծառայություններին Արցախի ականապատված տարածքների քարտեզը փոխանցելու առթիվ հարուցված քրգործը։
Նշենք, որ քրգործ է հարուցվել ԱՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանությունը) և 316-րդ հոդվածով (լրտեսությունը)։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք` մարտի 11-ին Հայաստանում մեծ իրարանցում էր առաջացրել Արցախի տարածքի ականազերծմամբ զբաղվող բրիտանական «ՀԱԼՈ թրաստ» կազմակերպության գործունեության վերաբերյալ տեղեկությունը։
«ՀԱԼՈ թրաստը» հերքում է, որ Թուրքիային է փոխանցել Արցախի ականադաշտերի քարտեզները
24News կայքը, վկայակոչելով ԱՀ նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանին, հայտնել էր, որ պատերազմի ընթացքում բրիտանական այս կազմակերպությունը թուրքական հետախուզությանն է փոխանցել Արցախի ականադաշտերի քարտեզները, որոնք հեշտացրել են ադրբեջանական զորքերի առաջխաղացումը Արցախի տարածքում։
ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը Sputnik Արմենիային ասել էր, որ Ավագյանի դիրքորոշումը չի արտացոլում նախագահի տեսակետը: Այդուհանդերձ, ո՛չ Ավանեսյանը, ո՛չ որևէ այլ պաշտոնական աղբյուր առ այս պահը չեն հերքել այս սկանդալային տեղեկությունը։
Կազմակերպությունը հերքել էր այդ լուրերը` դրանք բացարձակ սուտ համարելով։
«Չեմ հավատում, որ իշխանությունը չի իմացել». Զոհրաբյանը` «ՀԱԼՈ թրաստի» շուրջ աղմուկի մասին