ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնում է, որ Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի գլխավոր քարտուղար Բարբարա Բերնաթը բաց նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին:
Նամակը, ըստ Թաթոյանի, վերաբերում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքում ՀՀ կառավարության առաջարկած փոփոխություններին՝ կապված ՄԻՊ գրասենյակի պետական ֆինանսավորման կարգի փոփոխության հետ:
Բարբարա Բերնաթը Արարատ Միրզոյանին հորդորում է պահպանել պաշտպանի գործունեության ֆինանսական անկախության երաշխիքը:
«Բաց նամակում նշված է, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի գործող 8-րդ հոդվածի 5-րդ մասը լայնորեն ճանաչվել է միջազգային լավագույն փորձ, և իրենք այն առաջարկում են այլ երկրների՝ կանխարգելման ազգային մեխանիզմներ հիմնադրելիս: Բարբարա Բերնաթը նշել է, որ հենց այս և անկախության մյուս երաշխիքներն են, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին դարձրել են այսքան ուժեղ և վստահելի գործընկեր խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեմ պայքարում»,- հայտնում է Թաթոյանը:
Բաց նամակում նաև անդրադարձ է արվել այն հարցին, որ փոփոխություններն արվել են առանց Մարդու իրավունքների պաշտպանի հետ պատշաճ խորհրդակցության կամ քննարկման։ Նա առաջարկել է ապահովել օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ ցանկացած հետագա քննարկում Մարդու իրավունքների պաշտպանի հետ ամբողջական խորհրդակցությամբ։
Հիշեցնենք, ավելի վաղ Մարդու իրավունքների հաստատությունների եվրոպական ցանցի՝ ENNHRI-ի նախագահը ևս բաց նամակով դիմել էր ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ նշելով, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը Եվրոպայում լավագույն փորձ է և կոչ է արել պահպանել այն:
Կառավարության ընդունած որոշմամբ` առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» 2016 թվականին ընդունված սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, որով էլ ամրագրված է, որ ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորումը չի կարող ցածր լինել նախորդ տարվա բյուջեով հատկացված չափից։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մարտի 13-ին հայտարարեց, որ կառավարությունը փորձում է վերացնել ՄԻՊ–ի անկախությունը:
Ֆիննախի պարզաբանումները պարզապես բարի ցանկություններ ու խոստումներ են. ՄԻՊ
Համաձայն օրենսդրական այդ պահանջի՝ յուրաքանչյուր տարի պաշտպանի և նրա աշխատակազմի, ինչպես նաև պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի ֆինանսավորման համար պետբյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից:
Մարդու իրավունքների պաշտպանի համոզմամբ՝ նշված նորմի վերացումը կհանգեցնի պաշտպանի հաստատության ինստիտուցիոնալ անկախության վերացման։ Ավելին, առաջարկվող փոփոխությունը պարունակում է իրական ռիսկ, որ դա կհանգեցնի միջազգային «A» կարգավիճակից զրկելուն:
Սա իր հերթին մեխանիկորեն կզրկի պաշտպանին, օրինակ, ՄԱԿ-ի կառույցներում ելույթներ ունենալու, միջազգային կառույցների ղեկավար պաշտոններում ընտրելու և ընտրվելու հնարավորությունից։