Երևանի մետրոպոլիտենը վնասով է աշխատում. որքա՞ն ուղևոր է մետրոյից օգտվել 2020 թվականին

2020 թվականին տեղի ունեցած իրադարձությունները զգալի ազդեցություն են ունեցել նաև մետրոպոլիտենի վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը վնասով է աշխատում։ Մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ 2020 թվականին COVID-19-ի հետ կապված սահմանափակումներով, մետրոպոլիտենի աշխատանքի ժամանակավոր դադարեցմամբ, ինչպես նաև պատերազմական դրությամբ պայմանավորված՝ ուղևորահոսքը կտրուկ նվազել է։

Պատերազմ աղբամանների դեմ․ քաղաքին մոտ 10 մլն դրամի վնաս է պատճառվել

Եթե 2019 թվականին մետրոյից օգտվել է 19 մլն 993 հազար 203 ուղևոր, ապա 2020 թվականին՝ 10 մլն 747 հազար 551 ուղևոր։

Նվազել է նաև մետրոպոլիտենի սրահներում և վագոններում տեղադրված գովազդներից ստացած հասույթը: Եթե մետրոպոլիտենը 2018 թվականին ստացել էր 93 մլն դրամ, 2019 թվականին՝ 115 մլն դրամ, ապա 2020 թվականին այդ թիվը կազմել է 61 մլն դրամ։

Դրա հետ մեկտեղ 2020թ. աշխատավարձի բյուջեն կազմել է 2 միլիարդ դրամ, իսկ միջինացված աշխատավարձը՝ 176 հազար դրամ:

2020թ–ին մետրոպոլիտենը 12 մլն դրամ է վճարել գազի դիմաց, էլեկտրաէներգիայի ծախսը կազմել է 509 մլն դրամ, կապի ծառայություններինը՝ 9 մլն ՀՀ դրամ, ջրինը՝ 41 մլն դրամ։

Աջափնյակում մետրոյի կայարան ունենալը սարերի հետևում չէ, բայց ներդրողը պայման է դրել